Մատչելիության հղումներ

Փաստաբաններն ընդդեմ Վճռաբեկ դատարանի


Փաստաբան Հայկ Ալումյան
Փաստաբան Հայկ Ալումյան
Հինգշաբթի առավոտյան Վճռաբեկ դատարանի շենքի դիմաց բողոք ակցիայի դուրս եկած փաստաբանները կարծում են, որ Վճռաբեկ դատարանը աղավաղում է դատական համակարգը: Նրանք պահանջում էին, որ Վճռաբեկ դատարանի նախագահը գործի օրենքի տառին համապատասխան:

Բողոքի ակցիայից հետո Փաստաբանների պալատի անդամները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում ասացին, որ իրենք ստիպված էին դիմել բողոքի նման ակցիայի, քանի որ այլ ելք պարզապես չեն տեսնում:

Ըստ փաստաբան Հայկ Ալումյանի` իրենց համբերության բաժակը լցվեց, երբ մեկ շաբաթ առաջ Արդարադատության խորհուրդը, որի նախագահը Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է, որոշում կայացրեց դիմել հանրապետության նախագահին դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Միջնորդության պատճառը, Ալումյանի խոսքով, եղել է այն, որ Սամվել Մնացականյանը կալանավորելու փոխարեն դատարանի դահլիճից գրավի դիմաց ազատ էր արձակել մի անձի, ով, ինչպես հետագայում պարզվել է, ընդհանրապես կապ չունի տվյալ հանցագործության հետ: Իսկ այժմ, ըստ Ալումյանի, Վճռաբեկ դատարանի ղեկավարությունը Արդարադատության խորհրդի միջոցով պաշտոնանկ է անում դատավոր Սամվել Մնացականյանին, որպեսզի դա դաս լինի այլ դատավորների համար:

«Մեսիջը հետեւյալն է` եթե հանկարծ սրանից հետո ուզեք դատախազության ներկայացրած պահանջները չբավարարեք, եթե հանկարծ ուզեք հօգուտ մեղադրյալի մի բան անել, մինչեւ մեր հետ չհամաձայնեցնեք, այդպիսի բաներ չանեք: Իրենք խիստ վիրավորվում են, եթե հանկարծ դատավորը ինքնուրույն քայլ է անում առանց իրենց հետ համաձայնեցնելու», - ասաց Ալումյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Հարցին, թե ինչո՞ւ են վիրավորվում, Ալումյանը պատասխանեց. - «Որովհետեւ այսօր մեր դատական համակարգում իրականում գոյություն ունի մի ատյան` Վճռաբեկ դատարան, որտեղ ցանկացած ստանդարտից շեղվող ինչ-որ մի քայլի դեպքում, դատավորը պիտի գա այստեղ, համաձայնեցնի: Ստանդարտից շեղվելն էլ հետեւյալն է` եթե գործը մեղադրական եզրակացությամբ եկել է դատարան, դատախազությունը այդ մարդուն մեղադրում է, ուրեմն դատավորը մինչեւ չգա, այստեղ չհամաձայնեցնի, ուրեմն ինքը ոչ մի քայլ չպետք է անի»:

Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե իրենք պահանջում են, որ Արդարադատության խորհուրդը լինի «լրիվ օբյեկտիվ»:

«Եթե մի դատավորի նկատմամբ կայացնում է որոշում` ենթարկել կարգապահական պատասխանատվության այն բանի համար, որ նա չի պատճառաբանել իր որոշումը, ապա թող նման որոշումներ կայացնի բոլոր դատավորների նկատմամբ, որոնք չեն պատճառաբանել իրենց կայացրած որոշումները», - նշեց նա` հավելելով, որ ունի բազմաթիվ նման օրինակներ:

Փաստաբանների խոսքով, Սամվել Մնացականյանի դեպքի միջոցով իրենք ցանկանում են ուշադրություն հրավիրել ընդհանրապես Հայաստանի դատական համակարգում առկա իրավիճակի վրա:

«Մենք գիտենք, որ դատարանում դատարվորները անկախ են, սակայն այս վերջին քայլը ցույց է տալիս, որ Վճռաբեկ դատարանը, Արդարադատության խորհուրդը ամեն կերպ ցանկանում են, որպեսզի ամեն որոշում, ամեն ակտ, որ պետք է կայացվի, անպայման Վճռաբեկ դատարանի կամ Վճռաբեկ դատարանի նախագահի համաձայնությամբ լինի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանը:

Փաստարկելով, թե ինչու Հայաստանում կայացած չէ դատական համակարգը` Ռուբեն Սահակյանը ասաց. - «Դատավորների ստվար մի զանգված (ոչ բոլոր դատավորների մասին է խոսքը) մորթապաշտ է: Ես խնդրում եմ, թող դատավորները ինձ ենթարկեն պատասախանատվության, որ ես իրենց անվանում եմ մորթապաշտ: Ես մեկիկ-մեկիկ կապացուցեմ, թե ով է մորթապաշտ: Մենք ունենք հոյակապ դատավորներ, որոնք երբեք չեն գալիս Վճռաբեկ դատարան «դաբրոյի», որոնք երբեք չեն ենթարկվում ոմանց ճնշումներին եւ կայացնում են իրենց խղճին եւ օրենքի տառին համապատասխան դատական ակտեր», - ասաց Սահակյանը:

Հարցին, թե կա՞ն դատավորներ, որոնք գալիս են «դաբրո ստանալու» Վճռաբեկ դատարանից, Սահակյանը պատասխանեց. - «Մենք [Փաստաբանների պալատը] աշխատում ենք Վճռաբեկ դատարանի հարեւանությամբ, մեր փաստաբանները անընդհատ ասում են` ինչո՞ւ են դատավորները այսքան գալիս Վճռաբեկ դատարան, ի՞նչ գործ ունեն, մի՞թե այդքան սեմինարներ են անցկավեում այստեղ: Ժամերներն էլ հետաքրքիր` երեկոյան ժամերին ի՞նչու են գալիս: Մեր ենթադրությունն է, որ գալիս են «դաբրո ստանալու»:

«Ազատություն» ռադիոկայանին այդպես էլ չհաջողվեց ողջ օրվա ընթացքում մեկնաբանություններ ստանալ Հայաստանի վճռաբեկ դատարանից:
please wait

No media source currently available

0:00 0:05:12 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG