Մատչելիության հղումներ

Սփյուռքի նախարարը արտագաղթի միտումները մտահոգիչ է համարում


Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, անդրադառնալով օրերս Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին ուղղված բաց նամակին, որում մի խումբ մտավորականներ ահազանգել էին մեծ չափերի հասնող արտագաղթի մասին, ասաց, որ իրավիճակն իսկապես մտահոգիչ է:

«Իհարկե, ցավալի է: Կան արտագաղթի միտումներ: Տարին մենք փակեցինք (համենայնդեպս, վերջին երեք տարվա մեջ առաջին անգամ) մինուսով: Այս ընթացքում կարծես ակտիվացել է արտագաղթը, դա հիմնականում պետք է բացատրել սոցիալ-տնտեսական բարդություններով», - չորեքշաբթի օրը կայացած ասուլիսում ասաց Հրանուշ Հակոբյանը:

Այդուհանդերձ, Սփյուռքի նախարարի համոզմամբ, արտագաղթողներից բոլորը չեն, որ երկրից ընդմիշտ են հեռանում:

«Ես այն կարծիքին եմ, որ հատկապես ռուսական տարածք մեկնող մեր հայրենակիցները ժամանակավոր աշխատանքային միգրանտներ են, որոնք անպայման վերադառնալու են: Նրանք ոչ թե հավերժ են գնում, այլ գնում են աշխատանք փնտրելու եւ այստեղ իրենց ընտանիքները պահելու առումով», - ասաց նախարարը:

Հրանուշ Հակոբյանը մատնացույց է անում գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ներդրումները` վստահություն հայտնելով, որ դա կկանխի հատկապես մարզերից արտագնա աշխատանքի մեկնողների մեծ հոսքը: Սփյուռքի նախարարությունն էլ իր հերթին, ըստ Հակոբյանի, փորձում է սփյուռքահայ գործարարներին Հայաստանը ներկայացնել որպես գայթակղիչ երկիր ներդրումների համար: Մինչդեռ սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանը օրերս հայտարարել էր, թե արտասահմանից ներդրումների եւ նոր բիզնեսների առումով Հայաստանը գրավիչ երկիր չէ` դժգոհելով հատկապես մոնոպոլիաներից: Հրանուշ Հակոբյանը հիշեցնում է, որ նախագահը հարկային արտոնություններ է խոստացել սփյուռքահայ ձեռներեցներին:

«Նրանք, ովքեր նաեւ դրսում բարձ խոսում են դրա մասին, ճիշտ կլինի կոնկրետ գործերով օգնեն, որպեսզի այստեղ աշխատատեղեր լինեն: Ուղղակի պետք է աշխատել, որպեսզի արտագաղթը հնարավորինս կրճատվի, իսկ մեր խնդիրը, իհարկե, ներգաղթի ակտիվացումն է: Այսօր նման միտումներ կան, որ Հայաստան գալիս են նաեւ մշտական բնակության համար», - ասաց Սփյուռքի նախարարը:

Հակոբյանի ներկայացրած տվյալներով` Հայաստան այցելող մոտ 800 հազար զբոսաշրջիկների շուրջ 90 տոկոսը սփյուռքահայեր են:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան` նախարարն ասաց, թե կան երկրներ, որտեղ գնալով ավելանում է խառը ամուսնությունների թիվը` մասնավորապես Լատինական Ամերիկայի երկրներում, Ռուսաստանում եւ Եվրոպայում:

«Ցավոք, ամենամիատարր տարածքը Մերձավոր Արեւելքն էր, սակայն այսօր այնտեղ էլ քիչ, բայց արդեն նկատվում են [խառնամուսնությունները]: Գիտնականների, սոցիոլոգների, հոգեբանների հետ միասին եկանք այն եզրակացության, որ միակ լուծումը այդ ընտանիքներում ծնված երեխաներին ինչքան հնարավոր է հայ պահելն է», - ասաց նա:

Անդրադառնալով «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին տնօրեն Թամար Պողոսյանի հետ կապված աղմկահարույց պատմությանը, երբ վերջինս հայտարարել էր, թե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրանուշ Հակոբյանը մտադրություն է ունեցել «փողերի լվացմամբ» զբաղվել եւ որից հետո այդ կառույցում ստուգումներ սկսվեցին, նախարարն ասաց, թե դեռ զարգացումներ չկան: Այս աղմկոտ պատմությունից հետո հիմնադրամն առայժմ նոր տնօրեն չունի:

«Ուսումնասիրություններ կատարվեցին վարչապետի վերահսկողության ծառայության կողմից, հայտնաբերվեցին օրենքի բազում խախտումներ եւ սխալներ, ինչպես նաեւ ավարտվեցին Վերահսկիչ պալատի ստուգումները, եւ կարծում եմ` առաջիկայում կազմակերպչական որոշակի խնդիրներ կլինեն», - ասաց Հակոբյանը:

Ամփոփելով այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները` նախարարը երկար խոսեց բազմաթիվ համաժողովների, գիտաժողովների, մրցույթների եւ փառատոների մասին: Առաջիկայում Երեւանում տարբեր քննարկումների համար կհավաքվեն հայազգի գործարարներ, ճարտարապետներ, սրտաբաններ, իրավաբաններ, ֆերմերներ, անգամ հայկական ճաշերի փառատոն եւ «Հայ կնոջ դերը Սփյուռքում» խորագրով կլոր սեղան կանցկացվի:
please wait

No media source currently available

0:00 0:03:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG