Մատչելիության հղումներ

Սփյուռքի նախարարությունը պատասխանում է Թամարա Պողոսյանի մեղադրանքներին


Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան
Հայաստանի Սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը զրպարտություն է որակում «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն, Մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանի` «փողեր լվանալու» մասին արած հայտարարությունը:

Թամարա Պողոսյանը «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը ասել էր, թե համահայկական համաժողովներից մեկի անցկացման մեխանիզմը, որն իրեն 2010 թվականի ապրիլին առաջարկել է Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ոչ այլ ինչ է, քան «փողեր լվանալու դասական մեխանիզմ»:

Ըստ Պողոսյանի` Ֆիրդուս Զաքարյանը իրեն առաջարկել էր ստորագրել մի պայմանագիր, որով համաժողովի կազմակերպման նրա գործառույթները կփոխանցվեին երրորդ կազմակերպությանը:

«Ասացի, դուք հասկանո՞ւմ եք, որ սա փողեր լվանալու դասական մեխանիզմ է», - պատմում է Պողոսյանը, ով 2003-2004 թվականներին զբաղեցրել է Մշակույթի նախարարի պաշտոնը:

Ստեփան Պետրոսյանը այսպես արձագանքեց Թամարա Պողոսյանի պնդումներին. - «Ես չեմ ուզում չհիմնավորված, մտացածին բաների մասին խոսել կամ մեկնաբանել: Ես կարող եմ ասել, որ սա շանտաժ է եւ զրպարտություն: Մենք պետք է փաստերով խոսենք, անհիմն մեղադրանքներին ի՞նչ պատասխանեմ: Ես կարծում եմ, որ տիկին Պողոսյանը պետք է պատրաստ լինի համապատասխան վայրում ապացուցել իր մեղադրանքները եւ պատասխանատվություն կրել իր զրպարտանքի համար»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Թամարա Պողոսյանը նաեւ ասել էր, թե 2009 թվականի հունիսին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ընտրվելը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում տեղի է ունեցել կառավարության 2004 թվականի որոշման ոտնահարմամբ, որը սահմանում է, թե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ (հետեւաբար` նաեւ նախագահ) կարող են լինել միայն փոխնախարարներ:

«Հրանուշ Հակոբյանն, ինչպես գիտեք, նախարար է», - ընդգծել էր Թամարա Պողոսյանը:

Ստեփան Պետրոսյանն այսօր ասաց, թե իր ձեռքի տակ է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2009 թվականի հունիսի 22-ի նիստի արձանագրությունը, ուր գրված է, թե հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Հրանուշ Հակոբյանը եւ որի տակ դրված է հենց Թամարա Պողոսյանի ստորագրությունը:

«Ինչ վերաբերում է նրան, թե նախարարը կարող է լինել հոգաբարձուների խորհրդի անդամ, թե` ոչ, ապա սա նույնպես կարգավորված է օրենքով: «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքն ասում է, որ «հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած, գործունակ ֆիզիկական անձինք, այդ թվում` հիմնադիրները»: Ուրիշ ոչ մի սահմանափակում չկա: Եթե տիկին Պողոսյանը կարծում է, որ տիկին Հակոբյանի 18 տարին դեռեւս չի լրացել, դա իր գործն է», - ասաց Ստեփան Պետրոսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:36 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG