Մատչելիության հղումներ

Հայ առաքելական եկեղեցին իրավաբանական անձի կարգավիճակ կստանա Վրաստանում


Վրաստանի խորհրդարանը հուլիսի 1-ին կայացած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ փոփոխություններ է մտցրել երկրի Քաղաքացիական օրենսգրքում:

Այդ փոփոխությունների համաձայն` հինգ կրոնական կազմակերպությունների, այդ թվում` Հայ առաքելական եկեղեցուն, Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, մուսուլմանական համայնքին, հրեական համայնքին եւ Բապտիստական եկեղեցուն կտրվի իրավաբանական անձի կարգավիճակ: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը:

Օրենսգրքի փոփոխությունների նախագծին դեմ է հանդես եկել Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր «Քրիստոնեադեմոկրատական» խմբակցությունը:

«Վրացական եկեղեցին համանման կարգավիճակ չունի։ Մենք պետք է հասկանանք` արդյո՞ք Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստվում են նման կարգավիճակ շնորհել վրացական եկեղեցուն», - ասել է ընդդիմադիր խմբակցության անդամ Նիկոլոզ Լալիաշվիլին:

Սակայն իշխանության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ նույնիսկ այս դեպքում` վրաց եկեղեցին կպահպանի իր բարձրագույն կարգավիճակը:

Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի Վրաստան կատարած միջեկեղեցական եւ հովվապետական այցի ավարտին Վրաստանում գործող հայկական եկեղեցու իրավական կարգավիճակի վերաբերյալ այդպես էլ որեւէ գրավոր փաստաթուղթ չստորագրվեց, ինչպես նախապես ենթադրվում էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG