Մատչելիության հղումներ

Վեհափառը Ռիգայում հանդիպել է Լատվիայի նախագահի հետ, օծել Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին


Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
Ռիգայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին
Չորեքշաբթի օրը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը հովվապետական այցով ժամանել է Լատվիայի մայրաքաղաք Ռիգա:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` նույն օրը երեկոյան Վեհափառը հանդիպում է ունեցել Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի հետ, որին երախտագիտություն է հայտնել հայ համայնքի հանդեպ երկրի իշխանությունների կողմից ցուցաբերվող մշտական հոգատար վերաբերմունքի եւ ուշադրության համար:

Զատլերսը ողջունել է Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Ռիգա, բարձր գնահատանքով ներկայացրել հայ համայնքի կարեւոր ներդրումը Լատվիայի կյանքում եւ շնորհավորել Վեհափառին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցման եւ օծման առիթով:

Երեկ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդիսապետել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման արարողությունը, որին ներկա էին Ռուս ուղղափառ եկեղեցու, Լյութերական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ եւ ուխտավորներ` այս առիթով ժամանած Էստոնիայից եւ Լիտվայից:

Արարողության ավարտին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվել է անդրանիկ Սուրբ Պատարագը:

Նույն օրը Վեհափառը հայրապետական օրհնության գրեր է շնորհել եկեղեցու կառուցման գործում մեծ ավանդ ունեցած շուրջ մեկեւկես տասնյակ բարերարներին:

Երեկոյան ի պատիվ Ամենայն Հայոց կաթողիկոսի համայնքի կողմից տրվել է պաշտոնական ընթրիք:

Այսօր Վեհափառը կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG