Մատչելիության հղումներ

ԱՊՀ-ի դատախազների համակարգող խորհուրդը Մանվել Սարիբեկյանի մահվան գործով դիմել է Ադրբեջանին


«ԱՊՀ-ի մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհուրդն Ադրբեջանի դատախազությանն առաջարկել է քննարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մանվել Սարիբեկյանի՝ 2010 թվականի հոկտեմբերին Բաքվում սպանվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության իրավական փոխօգնության հարցումը եւ արդյունքների մասին հայտնել Համակարգող խորհրդին եւ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը` հնարավորինս սեղմ ժամկետներում», - տեղեկացնում է Հայաստանի գլխավոր դատախազության կայքէջը:

Հիշեցնելով, որ 2010 թվականին նոյեմբերի 4-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան է վերադարձվել նույն տարվա հոկտեմբերին Բաքվում մահացած Մանվել Սարիբեկյանի դիակը, դատախազությունը իր հաղորդագրությունում նշում է, որ ոստիկանության Ճամբարակի քննչական բաժնում 2010 թվականի նոյեմբերի 5-ին հարուցվել է քրեական գործ` Հայաստանի քրեական օրենսգրքի 104 հոդվածի 5-րդ եւ 13-րդ կետերով (առանձին դաժանությամբ եւ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթներով կատարված սպանություն): Գործի նախաքննությունը հանձնարարվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությանը:

«Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը 2010 թվականի դեկտեմբերի 14-ի գրությամբ դիմել է Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Զակիր Գարալովին` վերը նշված քրեական գործի քննությանն աջակցելու ակնկալիքով: Մասնավորապես խնդրել է հայտնել, թե արդյոք Ադրբեջանի քննչական մարմինների կողմից կատարվում է քննություն Մանվել Սարիբեկյանի բռնի մահվան դեպքի առթիվ, եթե՝ այո, ապա ուղարկել քրեական գործը կամ քրեական գործի նյութերը: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը երաշխավորել է նաեւ, որ Ադրբեջանի Հանրապետության կողմից ստացված նյութերը կամ փաստաթղթերը օգտագործվելու են միայն քննության նպատակներով», - ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի դատախազությունը չի արձագանքել Հայաստանի գլխավոր դատախազության գրավոր հարցմանը: Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2011 թվականի ապրիլի 5-ին նամակով դիմել էր նաեւ ԱՊՀ-ի պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի գլխավոր դատախազ Յուրի Չայկային՝ խնդրելով աջակցել գրության պատասխան ստանալուն: Համակարգող խորհուրդն արձագանքել է Հայաստանի գլխավոր դատախազի գրությանը:

Ադրբեջանական կողմը պնդում է, թե Մանվել Սարիբեկյանը հայ հետախույզ էր, գերեվարվել էր սեպտեմբերի 11-ին «Լեռնային Ղարաբաղի հյուսիսարեւելյան հատվածից հայկական ուժերի իրականացրած դիվերսիոն գործողության ընթացքում»: Հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու զինդատախազությունը համատեղ հաղորդագրություն տարածեցին, թե Սարիբեկյանը նախնական կալանքի վայրում ինքնասպանություն է գործել:

Հայկական կողմը, սակայն, հայտարարել է, որ Սարիբեկյանը զինծառայությունն ավարտել անցած տարվա մայիսին եւ որեւէ կապ չունի Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ու հատուկ ծառայությունների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG