Մատչելիության հղումներ

Արտակ Նազարյանի գործով ձերբակալվածներից մեկի խափանման միջոցը փոխվել է


11 ամիս առաջ բանակում մահացած 30-ամյա Արտակ Նազարյանի գործով ձերբակալված 5 զինծառայողներից մեկի` Հարութիկ Կիրակոսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է:

Այդ առնչությամբ Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական վարչության հասարակության հետ կապերի սպա Մերի Սարգսյանի տարածած մեկնաբանությունում, մասնավորապես, ասված է. - «2011 թվականի հունիսի 8-ին ստացված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության հետեւություններով չի հաստատվել Հարութիկ Կիրակոսյանի գործողությունների եւ Արտակ Նազարյանի ինքնասպանության միջեւ ուղղակի պատճառահետեւանքային կապի առկայությունը, ինչի հիման վրա 2011 թվականի հունիսի 14-ի որոշմամբ փոփոխվել է Հարութիկ Կիրակոսյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքը («պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը առողջությանը միջին ծանրության կամ ծանր վնաս կամ այլ ծանր հետեւանքներ պատճառելով»), եւ նրան նոր մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 358 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության («զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը») հատկանիշներով: Նկատի ունենալով, որ Քրեական օրենսգրքի 358 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը դասվում է միջին ծանրության հանցագործությունների շարքին, որոնցով նախատեսված մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու առվելագույն 6-ամսյա ժամկետը լրացել է, իսկ Հարութիկ Կիրակոսյանը հանդիսանում է պարտադիր ժամկետային զինծառայող` Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի կողմից հունիսի 14-ին որոշում է կայացվել Հարութիկ Կիրակոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու մասին եւ վերջինիս նկատմամբ նոր խափանման միջոց է կիրառվել` զորամասի հրամանատարության հսկողությանը հանձնելը»:

«Քրեական գործով Հարութիկ Կիրակոսյանը ներգրավված է որպես մեղադրյալ, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված չէ», - ընդգծում է պաշտպանության նախարարության քննչական վարչության հասարակության հետ կապերի սպան` ապատեղեկատվություն որակելով Կիրակոսյանին ազատ արձակելու մասին լուրերի տարածումը:

Քրեական օրենսգրքի 358 հոդվածի 2-րդ մասով սահմանված պատժաչափը 3-ից մինչեւ 12 տարվա ազատազրկումն է, իսկ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատժաչափը` կարգապահական գումարտակում պահելը՝ առավելագույնը 2 տարի ժամկետով, կամ ազատազրկումը՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Արտակ Նազարյանի մահվան գործով, որի նախաքննությունը օրերս է ավարտվել, կալանավորվել էին դասակի հրամանատար Վահագն Հայրապետյանը, գումարտակի հրամանատարի տեղակալ Հակոբ Մանուկյանը եւ ժամկետային 3 զինծառայողներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG