Մատչելիության հղումներ

Հայաստանում է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը


Հայաստանում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը, որին այսօր ընդունել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նալբանդյանը շնորհավորել է Ափաթուրային նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա Հայաստան - ՆԱՏՕ համագործակցության զարգացման գործում:

Զրուցակիցները անդրադարձել են Հայաստանի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի գործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի, մասնավորապես` Գործընկերություն հանուն խաղաղության, Եվրատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը:

Նալբանյանն ու Ափաթուրայը քննարկել են առաջիկայում նախատեսվող 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, որոնց ընթացքում կքննարկվեն, կամփոփվեն ԱԳԳԾ-ի իրականացման տարեկան արդյունքները:

Արտգործնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, մասնավորապես` Կազանում կայացած գագաթնաժողովի արդյունքները:

Ջեյմս Ափաթուրայը, ով նախկինում ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչն էր, Հարավային Կովկասում Հյուսիսատլանտյան դաշինքի հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում է անցած տարվա նոյեմբերից: Նրա առաջին այցը Հարավային Կովկաս ծրագրված էր դեռ մարտին, սակայն Լիբիայի իրադարձությունների հետեւանքով հետաձգվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG