Մատչելիության հղումներ

Պենտագոնի պաշտոնյան բարձր է գնահատում հայ խաղաղապահների առաքելությունը Աֆղանստանում


Հայաստան է ժամանել Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղարի Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սելեսթ Վոլանդերը, որին այսօր ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը արձանագրել են, որ հայ - ամերիկյան ռազմական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ ՆԱՏՕ-ի շրջանակներում:

Կարեւորելով միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասնակցությունը` Սելեսթ Վոլանդերը բարձր է գնահատել հայ խաղաղապահների առաքելությունը Աֆղանստանում, ինչպես նաեւ աֆղանական անվտանգության ուժերի ուսուցման եւ վերապատրաստման աշխատանքներին մասնակցելու Հայաստանի պատրաստակամությունը: Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել խաղաղապահության, ռազմակրթության, պաշտպանական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի ջանքերին:

Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքներում ԱՄՆ-ի ցուցաբերած փորձագիտական օժանդակության համար:

Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ:

Օհանյանը նշել է, որ Հայաստանը, հանդես գալով ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով կարգավորելու դիրքերից, խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը եւ որեւէ շահագրգռվածություն չունի հայկական ու ադրբեջանական զորքերի շփման գծում իրադրությունը սրելու համար: Նա մտահոգություն է հայտնել, որ ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման հարցում չի դրսեւորում նույնքան պատրաստակամություն, ինչի արդյունքում պարբերաբար արձանագրվում են հրադադարի խախտման դեպքեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG