Մատչելիության հղումներ

Անցած շաբաթ շփման գծում արձանագրվել է հրադադարի խախտման շուրջ 200 դեպք


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` անցած շաբաթվա ընթացքում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 200-ից ավելի դեպք, որի ընթացքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հայկական դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից արձակել են ավելի քան 600 կրակոց:

Առավել ինտենսիվ կրակոցներ են արձանագրվել հատկապես հունիսի 18-ին, 19-ին եւ 22-ին: «Միայն այդ երեք օրերի ընթացքում հակառակորդը AK, CBD, ПK եւ УТЕС զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 400 կրակոց», - տեղեկացնում է Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը:

Ղարաբաղի Պաշտպանության բանակը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպման նախօրեին միջազգային հանրությանը ապակողմնորոշելու նպատակով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված կեղծ հաղորդագրություն է որակել տեղեկատվությունը, համաձայն որի` հայկական կողմից հրադադարի խախտման արդյունքում ադրբեջանական կողմը ունեցել է մեկ վիրավոր:

«Նշված հաղորդագրությունը ակնհայտ ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը: Իսկ ադրբեջանական զինծառայողի վիրավորման փաստը կարող է պայմանավորված լինել հարեւան երկրի զինված ուժերում առկա միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերություններով», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Վերջին շրջանում գրեթե ամեն օր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդագրություններ են տարածում հայկական կողմից հրադադարի խախտումների մասին, մինչդեռ Ղարաբաղի Պաշտպանության բանակը վստահեցնում է, որ «առաջնային գծում հայկական զինված ուժերը անվերապահորեն պահպանում են հրադադարի ռեժիմը, չեն ենթարկվում սադրանքների եւ լիովին վերահսկում են իրադրությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG