Մատչելիության հղումներ

«Պետք է հասկանան, որ իրենց ելույթին սպասում են նաեւ զոհերի ծնողները»


Հայ ազգային կոնգրեսի 2011 թվականի մարտի 1-ի հանրահավաքը
Հայ ազգային կոնգրեսի 2011 թվականի մարտի 1-ի հանրահավաքը
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի նախագահի ելույթին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում արձագանքեց մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը:

Ալլա Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ «դա ուղղակի եվրոպացիներին մոլորեցնելու հետ կապված ինչ-որ մի ելույթ էր»:

«Սերժ Սարգսյանը ներկայացրեց այնպես, որ սպանությունների հետ կապված գործընթացը գնում է, ուղղակի մինչեւ վերջ չի ընթացել: Իրականությունը այն է, որ 10 զոհերի հետ կապված ոչ մի բացահայտում չկա, ոչ մի տող երեքուկես տարվա մեջ չի ավելացել այդ նախաքննության գործընթացում», - ասաց Ալլա Հովհաննիսյանը:

«Ուղղակի դա իմիտացիա է, եւ գտնում եմ, որ այդ իր հայտարարությունն էլ, որ երկու ամիս առաջ արել էր [«Մարտի 1»-ի գործի բացահայտմանը նոր թափ հաղորդելու` նախագահի պահանջը], երեւի արել էր այսօրվա համար, որպեսզի այսօր այդ բարձր ամբիոնից կարողանար այդ ելույթը ունենալ», - ընդգծեց մարտի 1-ին զոհվածի մայրը:

«Հուլիսի վերջին, երբ Պրեսկոտը եւ Ֆիշերը կգան, անպայման կանդրադառնանք Սերժ Սարգսյանի ելույթին», - նշեց Ալլա Հովհաննիսյանը եւ հավելեց. - «Որովհետեւ այդ ելույթով, գիտեք ինչ, միգուցե մարդիկ կան, որոնց համար այդքան էլ պարզ չէ, բայց, ամեն դեպքում, իրենք պետք է հասկանան, որ իրենց ելույթին սպասում են նաեւ զոհերի ծնողները, որոնք չեն հանդուրժում այդ աստիճանի սուտը»:

Չորեքշաբթի օրը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթից հետո պատասխանելով Վեհաժողովի պատվիրակներից մեկի հարցին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասաց, որ մարտիմեկյան իրադարձությունների գործով նախաքննությունը չի ավարտվել «շատ պարզ պատճառով` որովհետեւ բոլոր մեղավորները դեռեւս չեն հայտնաբերվել»:

«Կարծում եմ, տեղյակ պետք է լինեք, որ ես վերջերս հայտարարություն եմ արել, հանձնարարականներ եմ տվել դատախազությանը, քննչական մարմիններին` ավելի հանգամանորեն, ավելի սկզբունքային եւ ավելի մանրակրկիտ անդրադառնալ այս գործին, եւ հուսով եմ, որ քննչական խումբը իր բոլոր հնարավորությունները կօգտագործի բոլոր հանցագործությունները բացահայտելու համար», - նշեց Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG