Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Մարտի 1»-ի քննությունը չի ավարտվել, որովհետեւ բոլոր մեղավորները չեն հայտնաբերվել»


2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների քննությունը չի ավարտվել «շատ պարզ պատճառով` որովհետեւ բոլոր մեղավորները դեռեւս չեն հայտնաբերվել», - հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` այսօր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ունեցած ելույթից հետո պատասխանելով Վեհաժողովի պատվիրակներից մեկի հարցին:

«Թե ինչու չեն հայտնաբերվել` սա բավականին մեծ եւ հիմքային պատճառներ ունի, կարծում եմ` շատ-շատերի համար նաեւ հասկանալի», - ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով. - «Ինչ վերաբերում է մեր մասնագետների մասնագիտական պատրաստվածությանը, ապա, ինչպես բոլոր երկրներում, Հայաստանում եւս կան ե'ւ լավ մասնագետներ, կան ե'ւ միջակ մասնագետներ, կան ե'ւ վատ մասնագետներ: Մենք այս գործին ներգրավվել ենք մեր լավագույն մասնագետներին, եւ հսկայական աշխատանք է կատարվել»:

«Ի միջի այլոց, պետք է ասեմ, որ մենք օգնության խնդրանքով դիմել էինք բոլոր պետություններին, դիմել էինք բոլոր կառույցներին, եւ ես իմ շնորհակալությունը պետք է հայտնեմ [Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար] պարոն [Թոմաս] Համարբերգին, որ միակն էր, որ լուրջ ջանքեր գործադրեց մեզ փորձագետով օգնելու ուղղությամբ», - հայտարարեց Հայաստանի նախագահը:

«Կարծում եմ, տեղյակ պետք է լինեք, որ ես վերջերս հայտարարություն եմ արել, հանձնարարականներ եմ տվել դատախազությանը, քննչական մարմիններին` ավելի հանգամանորեն, ավելի սկզբունքային եւ ավելի մանրակրկիտ անդրադառնալ այս գործին, եւ հուսով եմ, որ քննչական խումբը իր բոլոր հնարավորությունները կօգտագործի բոլոր հանցագործությունները բացահայտելու համար», - նշեց Սերժ Սարգսյանը:

Նա կարծիք հայտնեց նաեւ, որ քննչական խմբի գործունեությունը շատ թափանցիկ է, եւ «այդ խումբը վերջերս հնարավորություն է տվել բոլորին` այդ թվում նաեւ լրագրողներին, ամիսը երկու անգամ հանդիպումներ անցկացնելու եւ ստանալու իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները»:


Ռուզաննա Ստեփանյան, Ստրասբուրգ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG