Մատչելիության հղումներ

Հայաստանի կառավարությունը շարունակելու է ատոմային էներգիա օգտագործելու քաղաքականությունը


Մեծամորի ատոմակայանը, արխիվ
Մեծամորի ատոմակայանը, արխիվ
ԵԽԽՎ-ում ունեցած ելույթից հետո պատասխանելով Վեհաժողովի պատվիրակների հարցերին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը, շրջափակված լինելով երկու հարեւան պետությունների կողմից եւ չունենալով էներգակիրներ եւ էներգիայի այլ աղբյուրներ` ուղղակի պարտադրված է օգտվելու ատոմային էներգիայի հնարավորություններից:

«Սա մեր համոզմունքն է, սա փորձագետների գնահատականներն են եւ Հայաստանի կառավարությունը շարունակելու է ատոմային էներգիան օգտագործելու իր քաղաքականությունը, ընդգծում եմ` միջազգային կառույցների հսկողության ներքո», - նշեց Հայաստանի նախագահը` միեւնույն ժամանակ կարծիք հայտնելով, որ տարածաշրջանի համար մեծ ռիսկեր են պարունակում այլ էներգիայի աղբյուրներից ստացած գերշահույթներ, որոնք դառնում են սպառազինության անվերահսկելի գնումների աղբյուր:

Հիշեցնելով, որ երկու շաբաթ առաջ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսչական խումբը, այցելելով Հայաստան, «բավական լավ գնահատականներ» է տվել հայկական ատոմակայանի անվտանգության մակարդակին, Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը գործընկերների օժանդակությամբ հսկայական աշխատանք է կատարել հայկական ատոմակայանի շահագործման անվտանգությունն ապահովելու համար:

«Այսօրվա մակարդակը թեեւ բավարար է, բայց մենք շարունակելու ենք մեր ջանքերը ՄԱԳԱՏԵ-ի հսկողության ներքո, մենք մեր ջանքերը շարունակելու ենք ՀՀ նախագահին կից գործող միջազգային խորհրդի ղեկավարության ներքո, եւ կարծում եմ, որ այսօր հայկական ատոմակայանի գործունեությունը մեծ ռիսկեր չի պարունակում մեր ժողովրդի կամ տարածաշրջանի ժողովրդի համար», - հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG