Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը զանգահարել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կիրակի օրը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ՝ քննարկելով իրավիճակը տարածաշրջանում:

Հայաստանի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում Մահմուդ Ահմադինեժադն ու Սերժ Սարգսյանը՝ ըստ Հայաստանի նախագահի մամուլի ծառայության, քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարածաշրջանային զարգացումներին ու փոխգործակցությանը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ:

Ահմադինեժադը կիրակի օրը զանգահարել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հեռախոսազրույցում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի շուրջ:

Հունիսի 25-ին Կազանում տեղի է ունենալու Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը: Միջնորդները ճեղքում են ակնկալում ղարաբաղյան բանակցություններում: ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահները Դովիլում ընդունած համատեղ հայտարարությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կոչ են արել ընդունել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքները եւ անցնել համաձայնագրի մշակմանը:

Ահմադինեժադը պատրաստվում էր Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի վեցին այցելել Հայաստան, սակայն վերջին պահին կողմերի փոխադարձ համաձայնությամբ այցը հետաձգվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG