Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները փակեց Բին Լադենի դեմ քրեական գործը


Միացյալ Նահանգները փակել է «Ալ-Ղաիդա»-ի նախկին պարագլուխ Ուսամա Բին Լադենի դեմ ահաբեկչության մեղադրանքով հարուցված քրեական գործը` նրա մահվան պատճառով:

Դատավոր Լյուիս Քափլանը բավարարել է մեղադրանքը կարճելու` դաշնային դատախազների միջնորդությունը, ինչը, Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, սովորական ընթացակարգային գործողություն է մեղադրյալի մահվան դեպքում:

Բին Լադենը դեռ 1998 թվականին Մանհեթենի դաշնային դատարանի կողմից մեղադրվել էր 1993-ին Սոմալիում տեղի ունեցած դարանակալ հարձակմանը աջակցելու մեջ, որի հետեւանքով զոհվել են ամերիկացի 18 զինծառայողներ: Այնուհետեւ դրան հավելվել էր Աֆրիկայի արեւելքում ամերիկյան երկու դեսպանատների ռմբահարումը, որին զոհ էր գնացել 224 մարդ, ապա` 2000 թվականին Եմենի Ադեն նավահանգստում ամերիկյան ռազմանավի վրա ինքնասպան ահաբեկչի հարձակումը:

Բին Լադենին առաջադրված մեղադրանքներում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը ներառված չէր:

Ուսամա Բին Լադենը սպանվել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից այս տարվա մայիսի 2-ին Պակիստանում իրականացված գործողության արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG