Մատչելիության հղումներ

Գյուղացիներին վերագրվող էլեկտրաէներգիայի պարտքի խնդիրը դեռ չի լուծվում


Գայ գյուղի բնակիչները բողքում են նախագահի նստավայրի դիմաց, 16 մայիս, 2011
Գայ գյուղի բնակիչները բողքում են նախագահի նստավայրի դիմաց, 16 մայիս, 2011
Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչները շարունակում են փնտրել, իրենց պնդմամբ, չմարած էլեկտրաէներգիայի դիմաց կուտակված պարտքերը չեղյալ համարելու տարբերակներ:

Գյուղացիներին վերագրվում է 41 միլիոն դրամի պարտք, որը, ըստ էլեկտրացանցի պնդումների` կուտակվել է 2002-2008 թվականերին, սակայն գյուղացիներն այդ մասին իմացել են միայն վերջերս: Նրանցից ոմանք պահպանել են անդորրագրերը, դրանք գինու պիտակներ են, որոնց հակառակ երեսին կան նշումներ վճարումների մասին: Գյուղացիներն ասում են` փոստում իրենց այդ թղթերն են տվել անցած տարիներին, բայց այժմ «Հայկական էլեկտրացանցեր»-ը (ՀԷՑ) դա հիմք չի ընդունում:

Ուղիղ մեկ ամիս առաջ գյուղացիները բողոքի ակցիա էին անցկացրել Հայաստանի նախագահի նստավայրի մոտ: Գյուղապետ Սեյրան Մարկոսյանն ասաց, որ էլցանցերի աշխատակից-տեսուչը երեկ իրեն է ներկայացրել 37 գյուղացու ցուցակ, որտեղ նշված է նրանց, այսպես ասած, նախկին պարտքը եւ դրա կիսով չափ կրճատված տարբերակը: Գյուղապետն ասում է, թե միայն Գայում էլցանցերի հետ կապված դժգոհություններ ունեն ավելի քան 800 բաժանորդներ, նրանցից 37-ի պարտքի մի մասը կրճատելն ի՞նչ իմաստ ունի, եթե դա խնդիրը չի լուծում:

«Այդ պարտքերը պիտի հանվեին ժողովրդի վրայից: Վերջնական պատասխանից հետո արդեն դատախազություն կդիմենք», - ասաց գյուղապետը:

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն օրերս գրություն է ուղարկել Ազգային ժողովի պատգամավոր Անահիտ Բախշյանին (ով բարձրացրել էր գյուղացիների հարցը), որտեղ ասել է. - «Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ` կապված մատակարար-բաժանորդ բնակիչ պայմանագրերի կնքման, դրանց մեջ ամրագրված երկկողմ պարտավորությունների կատարման, ծախսված էլեկտրաէներգիայի հաշվառման, ունեցած պարտքի վերաբերյալ բնակիչների պատշաճ կարգով իրազեկման, հաշվարկիչ սարքերի փոխարինման, վճարումների գանձման հետ: Հանձնաժողովն արձանագրելով նկատված բոլոր խախտումները, ինչպես նաեւ լիարժեք չհիմնավորված եւ հանձնաժողովի անդամների կասկածանքը հարցուցած ծախսերը, մի շարք առաջարկություններ է ներկայացրել «ՀԷՑ» ՓԲԸ ընկերությանը»:

Նախարարը մեկ շաբաթ առաջ է տեղեկացրել, որ եզրակացությունն ուղարկել է ՀԷՑ, սակայն այս ընկերության մամուլի խոսնակը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ եզրակացությունը տեղ չի հասել եւ դեռ ոչինչ չի արվել:

Մինչ ՀԷՑ-ը ձգձգում է անհրաժեշտ միջամտությունը, գյուղացիները հայտնվում են անելանելի վիճակում: Գայի բնակիչ Վարազդատ Մարկոսյանն օրերս բանկում իմացել է, որ արդեն մարված գյուղատնեսական վարկի համար գրավադրած ոսկեղենը չի կարող հետ ստանալ, քանի որ դատարանը որոշել է արգելանք սահմանել ոսկեղենի նկատմամբ` ի օգուտ ՀԷՑ-ի, էլեկտրաէներգիայի պարտքի դիմաց: Մարկոսյանը պնդում է, որ ինքը հոսանքի պարտք չունի, ավելին` երբեք որեւէ ծանուցագիր չի ստացել դատարանից, չի մասնակցել դատական նիստերին:

«Ես ոսկի ունեի գրավ դրած, գնացի հանելու, ասացին դատարանի հետ խնդիրներ ունեք: Առանց իմ ներկայության որոշում են կայացրել, ես տեղյակ չեմ եղել, ի՞նչ են որոշել, ո՞վ է որոշել, որ ես այդքան գումար եմ պարտք», - հարցնում է Մարկոսյանը:

Գյուղի մոտ 80 տոկոսը իշխող Հանրապետական կուսակցության անդամ է: Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանին իրենց բողոքը հասցնելուց եւ արդյունքի չհասնելուց հետո գյուղացիները հրաժարվում են կուսակցությունից: Վրդովված գյուղացիները նույնիսկ սպառնում են գնալ Թուրքիա:

«Երկու անգամ էլ կգնանք նախագահի նստավայր, եթե արդյունքի չհասանք, մեր ճանապարհը էս սահմանն է` Թուրքիա, 10 կմ-ից Թուրքիայի սահմանը սկսվում է: Հանրապետական կուսակցությունը ուզում է Հայաստանը ժողովրդից մաքրի, իր համար Լաս Վեգաս սարքի, շեֆերով առոք-փառոք ապրեն», - ասում զայրացած գյուղացիներից մեկը:

please wait

No media source currently available

0:00 0:05:19 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG