Մատչելիության հղումներ

Հունիսի 17-ի մամուլ


«Ժամանակ»-ի խմբագրականում կարդում ենք. - «Երեք տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը չափազանց լարված ներքաղաքական իրավիճակում ստանձնեց հանրապետության նախագահի պաշտոնը, նա եւ իր թիմը մտածեցին, որ հնարավոր է արտաքին քաղաքական ինչ-որ հնարքներով հագեցնել հասարակության ուշադրությունն ու շեղել այն ներքաղաքական խնդիրներից: Եվ հռչակվեց արտաքին քաղաքական նախաձեռնողական կուրս` իր բոլորին հայտնի դրսեւորումներով: Այս պահին երեւի թե հարկ չկա դրանք նորից հիշեցնել: Սակայն ո՞ւր է հիմա Հայաստանի արտաքին քաղաքական նախաձեռնողականությունը, ինչո՞վ է այն արտահայտվում, ինչո՞վ է Հայաստանն աչքի ընկնում, ի՞նչ նախաձեռնություններով, ի՞նչ նոր մտքերով ու գաղափարներով, համաշխարհային, կամ լավ, գոնե տարածաշրջանային ի՞նչ թարմ մտքեր եւ առաջարկներ է բերում օրակարգ քննարկելու: Պատասխանը պարզ է` ոչ մի: Ոչ մի, որովհետեւ համաշխարհային քաղաքականությունն ունի մի շատ պարզ յուրահատկություն` այդ քաղաքականության օրակարգում տեղ ունեն միայն նրանք, ովքեր կամ միտք ունեն աշխարհին տալու արժեք, տեխնոլոգիա, կամ էլ ինչ-որ նյութ` լինի դա նավթ, հումք, թե ասենք` տարածք»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ըստ ձեզ` իշխանությունները ինչի՞ են այսքան ժամանակ ձգում, իրենց ի՞նչ է տալիս այդ ձգձգումը»: Պատասխան. - «Իշխանությունները փորձում են դեռ հասկանալ, թե ինչքանով թուլացած են իրենց դիրքերը, եւ դրանով պայմանավորել զիջումների ծավալը: Սա է կատարվում, անվճռականություն է եւ անորոշություն, որը այսօր պատել է իշխանություններին եւ իշխանական ճամբարին: Ես հասկանում եմ, որ այսօր իրավիճակը իսկապես բարդ է, Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջեւ` դա ե'ւ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ճնշումներն են, ե'ւ Հայաստանի անկարողությունը ադեկվատ պատասխան տալ Ադրբեջանի սպառնալիքներին, ե'ւ այն հանգամանքը, որ կարծես միջնորդների միջեւ հարթվել են հակասություններ, ծանրացող սոցիալ-տնտեսական իրավիճակը, ժողովրդի դժգոհությունը, ռեժիմի անկարողությունը` լուրջ, համակարգային փոփոխությունների գնալու. այս ամբողջը ստեղծում է ծանրագույն ճգնաժամ Հայաստանում, որի լուծումը Սերժ Սարգսյանը չունի, ինչպես նաեւ դեռ չունի որոշում, թե ինչքանով է պատրաստ ընդունել երկխոսության այս հեռանկարը եւ այնուամենայնիվ գնալ քաղաքական համակարգի արմատական փոփոխությունների»:

«Երկիր»-ի մեկնաբանը գրում է. - «Ի՞նչ տեղի ունեցավ երկխոսության հետ մայիսի 31-ից հետո: Շտապողները շեփորեցին, թե իշխանությունները խաբեցին ՀԱԿ-ին` կոչ արեցին երկխոսել եւ հետո խաբեցին: Ահա խնդրեմ` ՀԱԿ-ը պատվիրակություն է կազմել, իսկ իրենք ձգձգում են, հրաժարվում: Սա միամտություն է: Լավ նայեք Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ասեք` նա նման է այն միամիտ մարդուն, որին կարելի է այդպիսի պրիմիտիվ ծուղակի մեջ գցել: Ես այդ միֆին չեմ հավատում: Հարցին պետք է մի փոքր այլ կերպ նայել: Մայիսի 31-ի իր ելույթով Լեւոն Տեր-Պետրոսյանը իրականում իշխանությունների հետ գնաց նոր համաձայնության` ես բոլոր ճակատներում անուղղակի կերպով պաշտպանում եմ ձեր քաղաքականությունը, իսկ դուք հոգում եք ընդդիմադիր դաշտում իմ հեգեմոնության հարցը: Դարձյալ հանգելու ենք այն մտքին, որ սա պարզ երկխոսություն է իշխանության հետ, իմա` հասարակական տարբեր խավերի երկխոսություն: Հետեւաբար, այն օյինբազությունները, որ հիմա տեղի են ունենում մեր շուրջը, ըստ էության, լուծում են ոչ թե հասարակական խնդիրներ, այլ ՀԱԿ-ի` ընդդիմադիր դաշտում ունեցած դիրքերը պահպանելու միակ հարցը»:

«Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում պատգամավոր Մկրտիչ Մինասյանը (ՀՀԿ) ասում է. - «Իշխանությունը բոլոր քաղաքական ուժերի հետ երկխոսելու պատրաստակամություն է հայտնել: Իշխանությունը հետեւողականորեն ապահովում է անհրաժեշտ նախադրյալները, որ երկխոսությանը մասնակցեն նաեւ նրանք, ովքեր մինչ այս, ինչ-ինչ պատճառներ մատնանշելով, հրաժարվել են երկխոսությունից: Իհարկե, ՀԱԿ-ը այդ հանգամանքը նաեւ շահարկում է` որոշակի քաղաքական դիվիդենտներ ստանալու նկատառումով, բայց ՀԱԿ-ի հետ եւս երկխոսությունը կոնկրետ ընթացք ստացել է եւ, հավանաբար, շարունակություն էլ կունենա: Հիմա ՀԱԿ-ը առաջարկում է, որ երկխոսությունը շարունակվի հատուկ պատվիրակությունների միջեւ, ինչի կարիքը, համոզված եմ, չկա: Չկան այնպիսի խնդիրներ, որոնց շուրջ մի քաղաքական ուժի հետ բանակցություններ պետք է անցկացնել: ՀԱԿ-ի հետ առանձին քննարկելու ազգային ու պետական հարցեր լինել չեն կարող»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Ա1+»-ը արժանացել է Նորվեգիայի Նոբելյան ինստիտուտի մրցանակի: Դա, իհարկե, ուրախալի փաստ է: Բայց, գուցե դա տարօրինակ հնչի, ես կուզեի, որ գար այն ժամանակը, երբ մեր երկիրը Բելառուսի, Դաղստանի եւ Ադրբեջանի շարքում նման մրցանակի չարժանանար, որովհետեւ նման պարգեւը որքան դրվատում է լրատվամիջոցին, նույնքան անուղղակիորեն քննադատում է այն պետությանը, որտեղ, բացի սովորական մասնագիտական խիզախությունից, անհրաժեշտ է հատուկ քաղաքացիական արիություն` նորմալ լրագրողական աշխատանք կատարելու համար: Մոտավորապես այնպես, ինչպես համաներումը լավ բան է, սակայն շատ ավելի ցանկալի է, որ մենք ունենանք նորմալ դատարաններ»:
please wait

No media source currently available

0:00 0:04:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG