Մատչելիության հղումներ

«Եվրանեսթ»-ի լիագումար նիստը, «ամենայն հավանականությամբ, Երեւանում չի անցկացվի»


«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության անդամ, հանրապետական պատգամավոր Արտակ Զաքարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վեհաժողովը, տեղի տալով ադրբեջանական կողմի ճնշմանը, ամենայն հավականականությամբ, կմերժի հայկական պատվիրակության առաջարկը` վեհաժողովի աշնանային լիագումար նիստն անցկացնել Երեւանում.

«Մեր պատվիրակության առաջարկը քննարկվել է, եւ Ադրբեջանի համառ եւ անհասկանալի, անհիմն անհամաձայնությունների արդյունքում, կարծում եմ, որ եվրոպական կողմի տրամադրությունն այնպիսին է, որ քանի որ առաջինն է, դա անցկացնել այնպես, որ ի սկզբանե հակադրություններ կամ չմասնակցելու միտումներ որեւէ կողմից չլինեն», - մանրամասնեց Զաքարյանը:

Հիշեցնենք, Հայաստանի պատվիրակության ղեկավար, «Եվրանեսթ»-ի փոխնախագահ ընտրված Վահան Հովհաննիսյանը առաջարկել էր վեհաժողովի լիագումար նիստը Երեւանում անցկացնել` հիմնավորելով, որ սեպտեմբերին Հայաստանը նշելու է անկախության 20 ամյակը:

Հովհաննիսյանի խոսքով, սակայն, «Եվրանեսթ»-ի ադրբեջանական պատվիրակության օրակարգում կառուցողական առաջարկների փոխարեն, բացառապես հակահայկական պայքարն է. - «Ադրբեջանցիները հիստերիկ նամակով դիմել էին, որ Հայաստանը իր անկախության ընթացում իբր օկուպացրել է ինչ-որ տարածքներ… ինչին, իհարկե, ես արձագանքել էին շատ ծանր»:

Պատասխան նամակում Վահան Հովհաննիսյանը նշել էր, որ թվում է, թե ամենահարմար որոշումը «Եվրանեսթ»-ի հանդիպումները թե' Բաքվում, թե' Երեւանում բացառելն է` ընդգծելով, սակայն, որ վեհաժողովը Երեւանում չանցկացնելը կնշանակի «մեկ պատվիրակությանը հրապարակայնորեն զրպարտող մեկ այլ պատվիրակության շոշափելի հաջողություն»:

Վահան Հովհաննիսյան այսօր հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե ինքը դիմել է ԱԺ նախագահին՝ պատվիրակության կազմում փոփոխություններ կատարելու պահանջով, քանի որ դժգոհ է պատգամավորների պատրաստվածության մակարդակից. - «Եթե ես ունենամ պրոբլեմ եւ դժգոհություն, ես այդ դժգոհությունը առաջին հերթին կհայտնեմ իմ կոլեգաներին` պատվիրակության կազմին»:

Աշնանը սպասվող լիագումար նիստին ընդառաջ` այսօր Հայաստանի պատվիրակությունը Հայաստանի Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամների մասնակցությամբ քննարկում էր քաղաքացիական ավիացիային, էներգետիկ անվտանգությանը եւ այլ ոլորտներին առնչվող հարցեր, որոնք նախատեսված է բանաձեւերի տեսքով ներկայացնել վեհաժողովին:

«Եվրանեսթ»-ի ընդունած որոշումները պարտադիր իրավական ուժ չունեն, եւ փորձագետները մտավախություն են հայտնում, որ այն քաղաքական բանավեճերի հերթական ակումբի է վերածվելու:

Հանրապետական Արտակ Զաքարյանի համոզմամբ, սակայն, Հայաստանի համար «Եվրանեսթ»-ը կարող է օգտակար հարթակ դառնալ:
please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG