Մատչելիության հղումներ

Մանրածախ առեւտրի կետերի նկատմամբ խիստ վերահսկողություն կսահմանվի


Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացվել են մանրածախ առեւտրի ոլորտում կատարված ուսումնասիրության արդյունքները, որի նպատակն էր պարզել, թե որ տնտեսվարողներն են այս դաշտում գերիշխողները:

Ըստ այդմ, հանձնաժողովի որոշմամբ, այս ոլորտում գերիշխող դիրք են զբաղեցնում «Ալեքս Գրիգ», «ՍԱՍ գրուպ», «Ֆրեշ», «Սթար Դիվայդ» եւ «Նոր Զովք» ընկերությունները՝ համապատասխանաբար «Երեւան Սիթի», «ՍԱՍ», «Ֆրեշ», «Սթար» եւ «Նոր Զովք» խանութների ցանցերով, ինչը նշանակում է, որ այսուհետ վերոնշյալ վաճառակետերի գործունեության նկատմամբ եւս հանձնաժողովը կսահմանի խիստ վերահսկողություն, իսկ օրենքի խախտումներ թույլ տալու դեպքում՝ տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության:

Հանձնաժողովի տարածած հաղորդագրությունում նշված է, որ նախկինում գործող օրենքը թույլ չէր տալիս նման ուսումնասիրություն իրականացնել մանրածախ առեւտրի ոլորտում, ինչը կարգավորվել է նոր եւ արդեն ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով:

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը այսօրվա նիստում նաեւ վարչական վարույթներ է հարուցել սուրճի շուկայի գերիշխող 6 ընկերությունների, ինչպես նաեւ բենզինի եւ դիզելային վառելիքի շուկայում գործող «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերության նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG