Մատչելիության հղումներ

Սիրիայի նախագահը համընդհանուր համաներում է հայտարարում


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը համընդհանուր համաներում է հայտարարել քաղբանտարկյալների նկատմամբ:

«Նախագահ Ասադը իր հրամանագրով համաներում է հայտարարել մինչեւ 2011 թվականի մայիսի 31-ը կատարված բոլոր (քաղաքական) հանցագործությունների նկատմամբ», - երեկ հաղորդել է Սիրիայի SANA պետական լրատվական գործակալությունը` հավելելով. - «Համաներումը տարածվում է բոլոր քաղաքական բանտարկյալների, ինչպես նաեւ «Մահմեդական եղբայրության» վրա»:

Թուրքիայի Անթալիա քաղաքում հավաք անցկացնող սիրիական ընդդիմությունը, այդուհանդերձ, անբավարար եւ ուշացած է որակել նախագահի այս քայլը:

«Մենք համաներում էինք պահանջում մի քանի տարի առաջ», - «Ֆրանսպրես» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտարարել է, մասնավորապես, «Դամասկոսի հռչակագիր» բարեփոխական կազմակերպության ներկայացուցիչ Աբդել Ռազաք Էյդը: - «Մենք միավորված ենք հետեւյալ կարգախոսի ներքո. ժողովուրդը ցանկանում է ռեժիմի տապալում եւ հանցագործություններ կատարած բոլոր անձանց պատասխանատվության ենթարկում: Հեղված արյունը չպետք է զուր կորչի»:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւս համոզմունք է հայտնել, որ Ասադի այս քայլը բավարար չէ: «Նա վերջ չի տվել սեփական ժողովրդի դեմ բռնությանը եւ բարեփոխումների որեւէ լուրջ ջանքեր չի գործադրել», - ընդգծել է պետքարտուղարը:

Սիրիայի մարդու իրավունքների լիգայի ղեկավար Աբդուլ Քարիմ Ռիհավին, մինչդեռ, ողջունել է համաներումը եւ կառավարությանը կոչ արել շարունակել քայլերը երկրում մարդու իրավունքների վիճակի բարելավման ուղղությամբ:

Մարտի կեսերից սկսած, Սիրիայում գրեթե ամեն օր բողոքի ցույցեր են անցկացվում Ասադի կառավարության դեմ: Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` իշխանությունների կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հետեւանքով արդեն զոհվել է ավելի քան 1100 քաղաքացիական անձ, առնվազն 10 հազար մարդ ձերբակալված է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG