Մատչելիության հղումներ

Ադրբեջանը համալրում է Չմիացած պետությունների շարժման շարքերը


Ինդոնեզիա - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը (աջից) Չմիացած պետությունների շարժման 16-րդ նախարարական համաժողովի մյուս մասնակիցների հետ, Նուսա Դուա, Բալի կղզի, 25-ը մայիսի, 2011թ.
Ինդոնեզիա - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը (աջից) Չմիացած պետությունների շարժման 16-րդ նախարարական համաժողովի մյուս մասնակիցների հետ, Նուսա Դուա, Բալի կղզի, 25-ը մայիսի, 2011թ.
Չմիացած պետությունների շարժման 118 անդամների թիվն ավելանում է եւս մեկով: Չորեքշաբթի օրը Ինդոնեզիայում մեկնարկած համաժողովի ընթացքում 50-ամյա պատմություն ունեցող կազմակերպության շարքերը համալրեց Ադրբեջանը:

1961 թվականին Բելգրադում ստեղծված այս կազմակերպության գլխավոր նպատակն էր միավորել այն բոլոր պետություններին, որոնք չէին ցանկանում դառնալ ո'չ ՆԱՏՕ-ի եւ ո'չ էլ Վարշավյան պայմանագրի կազմակերպության անդամ:

«Մենք սկսել ենք ու շարունակելու ենք եվրոպական ինտեգրման գործընթացը: Բայց այդ ուղղությամբ ընթանալը չի նշանակում, թե Ադրբեջանը անդամակցելու է Հյուսիսատլանտյան դաշինքին կամ որեւէ այլ կազմակերպության: Ինտեգրացիան եւ անդամակցությունը տարբեր բաներ են», - հայտարարել է, մասնավորապես, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էլհան Պոլուխովը:

Քարնեգի հիմնադրամի կովկասյան հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը համոզված է, որ սա պաշտոնական Բաքվի կողմից ձեռնարկված պատահական քայլ չէր:

«Ադրբեջանը միշտ էլ հստակորեն հասկացնում էր բոլորին, թե ինչպես է պատկերացնում իր հարաբերությունները Եվրամիության հետ: Ադրբեջանը երբեք իրեն չի ընկալել որպես լիարժեքորեն եվրոպական պետություն», - նշել է դե Վաալը:

Ադրբեջանական ընդդիմությունը, սակայն համոզված է` խնդիրը ոչ թե աշխարհքաղաքական հաշվարկներն են, այլ եվրոպացիների կոշտ արձագանքը ներքաղաքական զարգացումներին:

«Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին ասել է. - «Զուգադիպություն չէ, որ Չմիացած պետությունների կազմակերպությանը Ադրբեջանն անդամակցում է Եվրոպական խորհրդարանի մայիսի 12-ի քննադատական բանաձեւի ընդունումից հետո: Ավելի վաղ արդեն, Ադրբեջանը չհայտարարված սառը պատերազմ էր սկսել Արեւմուտքի դեմ: Եվրոպական ինտեգրումից հրաժարման` մոտ մեկ տարի առաջ մեկնարկած գործընթացը այս քայլով հասավ իր տրամաբանական ավարտին»:

Նախկինում Հեյդար Ալիեւի գլխավոր խորհրդական Վաֆա Գուլուզադեի համոզմամբ էլ` պաշտոնական Բաքվի այս քայլը պարզապես իմաստազուրկ է:

«Ի՞նչ ենք մենք շահում այս քայլով: ՆԱՏՕ-ին անդամակցելու դեպքում մենք գիտենք` ինչ ենք շահում: Մենք գիտենք, թե ինչ ենք ստանում Թուրքիայի հետ համագործակցության արդյունքում: Նույնիսկ եթե մենք անդամակցենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, ես կհասկանամ, որ դա Ռուսաստանին հանձնվել եւ անկախությունից հրաժարվել է նշանակում: Բայց Չմիացած պետությունների շարժմանը մեր մասնակցությունն ինձ համար լիովին անհասկանալի է», - ընդգծել է Գուլուզադեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG