Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց Ադրբեջանի վերաբերյալ


Եվրախորհրդարանի նիստը, արխիվային լուսանկար
Եվրախորհրդարանի նիստը, արխիվային լուսանկար
Մոտ մեկ ժամ շարունակված քննարկումներից հետո Եվրախորհրդարանը հինգշաբթի երեկոյան բավական կոշտ բանաձեւ ընդունեց Ադրբեջանի վերաբերյալ` կոչ անելով իշխանություններին ազատ արձակել վերջին հանրահավաքներից հետո ձերբակալված ընդդիմադիրներին, երիտասարդ ակտիվիստներին ու բլոգերներին, ինչպես նաեւ հարգել իր իսկ կողմից վավերացված կոնվենցիաները՝ խոսքի ու հավաքների ազատության վերաբերյալ:

Մանրամասն հիշատակելով ընդդիմության եւ անկախ լրագրողների նկատմամբ վերջին շրջանում արձանագրված բազմաթիվ բռնությունները, հանրահավաքներից հետո հարյուրավոր մարդկանց ձերբակալություններն ու սպառնալիքները՝ Եվրախորհրդարանը կոչ է անում պաշտոնական Բաքվին երկխոսություն սկսել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ թույլ տալ քաղաքացիներին ազատորեն իրացնել իրենց իրավունքները:

«Իրավիճակը այդ երկրում իսկապես բավական մտահոգիչ է», - փաստաթղթի քննարկման ժամանակ փաստեց բրիտանացի պատգամավոր Չալզ Թանոքը՝ մանրամասնելով. - «Այժմ մենք լսում ենք հաղորդումներ լրագրողների եւ ընդդիմադիրների նկատմամբ հարձակումների ու բռնությունների մասին: Սա նոր զարգացում չէ, այդուամենայնիվ, եւս մեկ անգամ հստակ հիշեցնում է մեզ Ալիեւի վարչակազմի իրական դեմքը: Թեեւ այդ երկիրը պարտավորություններ է ստանձնել ժողովդրավարությանը, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը հավատարիմ լինելու վերաբերյալ, այդուամենայնիվ, իրականությունը բոլորովին այլ է»:

«Ադրբեջանը բյուրավոր նավթադոլարներ է ծախսում` ապացուցելու միջազգային հանրությանը, որ ժողովրդավար է, սակայն մենք այդ խայծը կուլ չենք տալիս», - ընդգծեց եվրոպացի պատգամավորը:

«Վախի, սպառնալիքների ու ճնշումների այս մթնոլորտին պետք է վերջ տրվի», - իր հերթին, ընդգծեց հոլանդացի պատգամավոր Սչակե Մարիետյեն՝ կոչ անելով Եվրամիությանը առավել խիստ արձագանքել գործընկեր երկրներում մարդու իրավունքների ու ժողովրդավարության խախտումներին:

«Ադրբեջանի իշխանությունը կորցնում է իր վստահելիությունը՝ ոտնահարելով իր իսկ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Մենք ուզում ենք, որ նախագահ Ալիեւը հավատարիմ լինի տված խոստումներին», - հայտարարեց պատգամավորը՝ ընդգծելով. - «Եվրոպան նույնպես կորցնում է իր վստահելիությունը, երբ չի արձագանքում այս խախտումներին ու մարդու իրավունքների ոտնահարումներին: Դրանք հստակ հետեւանքներ պետք է ունենան Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների վրա»:

Սլովակ պատգամավոր Էդուարդ Կուկանն էլ կոչ արեց Ադրբեջանից բացի այս խնդիրները դիտարկել տարածաշրջանի մյուս երկրներում եւս: «Եվրամիությունը պետք է ավելի ակտիվ ու պատասխանատու լինի Հարավային Կովկասում», - ընդգծեց նա:

«Ոչ միայն Ադրբեջանը, այլեւ տարածաշրջանի մյուս երկրները եւս պետք է հստակ ուղերձներ ստանան մեր կողմից առ այն, որ մարդու իրավունքների ոտնահարումները որեւէ կերպ չեն հանդուրժվելու, եւ եթե նրանք ուզում են համագործակցել Եվրամիության հետ, պետք է հետեւեն եվրոպական արժեքներին: Ես ուզում եմ նաեւ հիշեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության թեժացման մասին։ Իրավիճակն այնքան է սրվել, որ առաջացել է անվտանգության սպառնալիք՝ ողջ տարածաշրջանի համար: Այնպես որ, անհրաժեշտ է, որ Եվրամիությունը ավելի ակտիվ եւ պատասխանատու լինի տարածաշրջանում՝ խույս տալու այն հետեւանքներից, որոնք մենք տեսանք ռուս - վրացական պատերազմի արդյունքում», - հայտարարեց սլովակ խորհրդարանականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG