Մատչելիության հղումներ

«Սուրբ Աստվածամայր» կենտրոնի բժիշկների անփութության փաստով գործ է հարուցվել


Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի աշխատակիցների կողմից պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, դրանց նկատմամբ անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել:

Հայաստանի դատախազության հանրային կապերի վարչության հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. - «Մայիսի 10-ին եւ 11-ին մամուլում տեղ գտած հրապարակումների հիման վրա Շենգավիթ վարչական շրջանի դատախազի ցուցումով նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2011 թվականի մայիսի 3-ին` ժամը 10:30-ի սահմաններում, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մի խումբ բուժաշխատողներ, ունենալով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու պարտականություններ, դրանք կատարել են ոչ պատշաճ եւ դրանց նկատմամբ դրսեւորել անփույթ ու անբարեխիղճ վերաբերմունք: Մասնավորապես` վիրահատման ենթակա 2004 թվականին ծնված, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Գ. Մովսիսյանի փոխարեն վիրահատարան են տեղափոխել վիրահատման ոչ ենթակա 2006 թվականին ծնված, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի բնակիչ Ն. Դարբինյանին: Վերջինիս նկատմամբ հիշյալ բժշկական կենտրոնի աշխատակիցներն անհիմն իրականացրել են բժշկական վիրահատական միջամտություն` Ն. Դարբինյանի առողջությանն անզգուշությամբ պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով»:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով` «բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG