Մատչելիության հղումներ

Ճամբարակում զինծառայողի մահվան գործն ուղարկվել է դատարան


Անցած տարվա նոյեմբերին Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող Ռոբերտ Ավետիսյանի մահվան առիթով հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Այս մասին տեղեկացնում են պաշտպանության նախարարության Քննչական ծառայությունից։

Գործով երկու մեղադրյալները՝ 19-ամյա շարքային զինծառայողներ Հմայակ Մարտիրոսյանը եւ Արտյոմ Պողոսյանը, ի սկզբանե ձերբակալվել էին պահակային կամ կայազորային ծառայության կանոնները խախտելու կասկածանքով, այս հոդվածով նրանց սպառնում է մինչեւ 2 տարվա ազատազրկում։ Այժմ նրանք մեղադրվում են նաեւ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ սպանության մեջ՝ Քրեական օրենսգրքի 108 հոդվածի հատկանիշներով։ Այս հոդվածով սահմանված առավելագույն պատիժն էլ 3 տարվա ազատազրկումն է։

Սպանված Ռոբերտ Ավետիսյանի հարազատներն ու նրանց շահերի պաշտպան Արա Զաքարյանը օբյեկտիվ չեն համարում գործով անցկացված նախաքննությունը եւ պնդում են, որ ներկայացված մեղադրանքները իրականությանը չեն համապատասխանում։

«Այստեղ խոսքը գնում է դիտավորյալ սպանության մասին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Արա Զաքարյանը։ - «Մեր ամբողջ պայքարը գնալու է, որ դատարանում փոփոխվեն մեղադրանքները»։

Կրտսեր սերժանտ Ռոբերտ Ավետիսյանի սպանության գիշերը այս երկու զինծառայողները պահակակետում ծառայություն են իրականացրել։

Փաստաբանի փոխանցմամբ, քննչական մարմնի վարկածը հետեւյալն է՝ ջրծաղիկով հիվանդ Ռոբերտ Ավետիսյանը ինչ-ինչ հանգամանքներում որոշել է կյանքին վերջ տալ եւ կեսգիշերին զորամասի բուժմասից դուրս է եկել, գնացել պահակակետ։ Այնտեղ ծառայություն իրականացնող զինվորները զգուշացրել են՝ «Մի՛ մոտեցիր, թե չէ կկրակենք»։ Սակայն Ավետիսյանը չի ենթարկվել հրահանգին, ասել է՝ «Ապե՛ր, կրակեք», մոտեցել է, զինվորներն էլ կրակել են։

«Հեքիաթային վարկած է, իմ խորին համոզմամբ», - եզրակացրեց Արա Զաքարյանը։

Կան պնդումներ, որ Ռոբերտ Ավետիսյանի ձեռքին դանակ է եղել։ Զոհված զինծառայողի հարազատները պահանջել են փորձաքննություն՝ պարզելու, թե դանակի վրա արդյոք Ռոբերտի մատնահետքերն են, թե՞ դանակը հանցագործությունից հետո են գցել դեպքի վայրում՝ որպես վարկածի ապացույց։

Ռոբերտ Ավետիսյանի հայրը՝ Գուրգեն Ավետիսյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նույնպես համոզմունք հայտնեց, որ որդուն դիտավորյալ են սպանել։

«Քանի որ իմ տղաս այսօր չկա՝ իրենց համար ամենահեշտ տարբերակն է, որ գործը ամբողջությամբ շուռ տան տղայիս վրա», - կարծում է որդեկորույս հայրը։ Գուրգեն Ավետիսյանի տեղեկություններով, որդին մեղադրյալներից մեկի հետ վաղուց լարված հարաբերությունների մեջ է եղել, իսկ միջադեպի օրը զորամասի բուժմասում վիճաբանություն է եղել։ Հոր կարծիքով, գիշերը Ռոբերտին դուրս են կանչել՝ վիճաբանությունը շարունակելու, եւ կրակել նրա վրա։

please wait

No media source currently available

0:00 0:05:10 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG