Մատչելիության հղումներ

Ճամբարակի զորամասում զինծառայողի մահվան գործով մեղադրանք առաջադրվեց երկու զինվորների


Նոյեմբերի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում հրազենային վիրավորումից զինծառայող Ռոբերտ Ավետիսյանի մահվան գործով երկու ձերբակալվածները մեղադրվում են ոչ թե սպանության հոդվածով, այլ պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնների խախտման հատկանիշներով:

Դա քրեական օրենսգրքի 367 հոդվածի երկրորդ մասն է` «պահակային կամ կայազորային ծառայության կանոնների նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունք, որն առաջացրել է ծանր հետեւանքներ»: Այս հոդվածով սահմանված պատիժը կարգապահական գումարտակում պահելն է` 1-3 տարի ժամկետով կամ 1-4 տարվա ազատազրկումը:

Հրազենային վիրավորումից 23-ամյա կրտսեր սերժանտ Ռոբերտ Ավետիսյանի մահվան փաստի առիթով քրեական գործը ի սկզբանե հարուցվել էր դիտավորյալ սպանության հատկանիշներով, ինչի համար 6-12 տարի ազատազրկում է նախատեսված: Ավետիսյանը, ով մեկ տարվա զինծառայող էր, նոյեմբերի լույս 18-ի գիշերը զորամասի տարածքում հրազենային վնասվածք ստանալուց անմիջապես հետո մահացել էր: Զինծառայողի մահվան վկայականում նշված է, որ նա ստացել է «կրքծավանդակի, որովայնի, պարանոցի, ձախ վերին ու ստորին վերջույթների համակցված հրազենային գնդակային միջանցիկ վնասվածքներ, ներքին արյունահոսություն, ներքին օրգանների վնասումներ, կմախքային ոսկրերի կոտրվածքներ»:

Պաշտպանության նախարարության քննչական վարչությունից «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին, որ Ավետիսյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում երկու մեղադրվողները 18-ամյա շարքային զինծառայողներ են, այս տարվա գարնանն են զորակոչվել: Նրանցից մեկը` Հմայակ Մարտիրոսյանը, Հրազդանի զինկոմիսարիատից է զորակոչված, մյուսը Արտյոմ Պողոսյանը՝ Արմավիրից:

Դեպքի գիշերը նրանք պահակային ծառայության մեջ են եղել: Թե ինչ հանգամանքներում է զորամասի բուժմասում ջրծաղիկով պառկած Ռոբերտ Ավետիսյանը գիշերը դուրս եկել, ինչին հաջորդել է դեպքը, չի հաղորդվում: Ռոբերտի հայրը՝ Գուրգեն Ավետիսյանը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իր համար անընդունելի է առաջադրված մեղադրանքը:

«Ես բոլորովին համաձայն չեմ այդ վարկածի հետ, որովհետեւ իմ երեխային մտադրված ձեւով սպանել են: Իմ երեխային կանչել են, տարել են իրենց մոտ եւ այնտեղ դավադիր ձեւով սպանել են», - ասաց հայրը:

Գուրգեն Ավետիսյանը նաեւ ասաց, որ պետք է պայքարի, որպեսզի որդու մահվան համար մեղավորները արժանի պատիժ ստանան:

Ռոբերտ Ավետիսյանի հորեղբայրն էլ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց. - «Հասուն, բարձրագույն կրթություն ստացած անձնավորություն, որը մի տարի արդեն ծառայել է բանակում, առանց լուրջ դրդապատճառների գիշերվա ժամը 1-ին դուրս չէր գա ու չէր մտնի այդ տարածք: Ուրեմն ունեցել է լուրջ դրդապատճառներ, հիմնավորված, որ բուժմասի համազգեստով, հողաթափերով դուրս է եկել: Ինչ-որ հիմնավոր լուրջ պատճառ է եղել ու այդ պատճառն է պետք գտնել»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ հետեւելով Ռոբերտ Ավետիսյանի մահվան գործին ու առաջադրված մեղադրանքին, տպավորություն է ստանում, որ իրականականությունը թաքցնելու փորձ է արվում:

«Այսինքն, հանցագործությունը կոծկելու մոդել են մշակում ու դրա շրջանակներում սկսում են ապացույցները ձեւավորել: Սա, իհարկե, կոծկելու տարբերակ է», - ասաց իրավապաշտպանը:

Նա նաեւ հարցնում է, թե ինչու չի բարձրացվում զորամասի հրամանատարության պատասխանատվության խնդիրը:

«Հրամանատար չկա՞, որ վերահսկի այդ իրավիճակը: Բնականաբար, հրամանատարը պետք է լիներ, դիտակետում է, չէ՞, այն էլ բաժանարար գծում: Հրամանատարի պատասխանատվության հարցը նույնպես չի բարձրացվում, այստեղ իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետեւանքով հանգեցրել է այդ դեպքերին», - ասաց Սաքունցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG