Մատչելիության հղումներ

Մայիսի 19-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն» թերթի մեկնաբանը գրում է. - «Բանն այն է, որ մարտի 1-ի գործը կարելի է շատ հստակ բաժանել երկու մասի: Առաջին` օրինակա՞ն էին արդյոք Ռոբերտ Քոչարյանի գործողությունները, թե՞ նա կոպտորեն խախտել է Հայաստանի Սահմանադրությունը, եւ երկրորդ` կոնկրետ ովքե՞ր են իրականացրել 10 հոգու սպանությունը: Չգիտես ինչու` առայժմ «վերանայվում է» միայն երկրորդ մասը, իսկ Քոչարյանի գործողությունների օրինականության մասով ոչ մի նոր բան չի արվում: Հիմա` ավելի կոնկրետ: Խնդիրն այն չէ, որ ոստիկանութունն ու ներքին զորքերը «մի քիչ» կոպիտ են գործել, կրակել են ժողովրդի վրա, ու տասը մարդ է զոհվել: Խնդիրն այն է, որ Հայաստանի բանակը դուրս է բերվել սեփական ժողովրդի դեմ: Տեսականորեն Ռոբերտ Քոչարյան գուցեեւ իրավացի է, երբ պնդում է, թե իրավապահները հրազեն կիրառելու համար հատուկ հրամանի կարիք չունեին (չնայած` վստահ ենք, որ նման հրաման եղել է), բայց նույնը չի կարելի ասել բանակային ստորաբաժանումների տեղաշարժի համար: Բանն այն է, որ բանակի ցանկացած տեղաշարժ իրականացվում է բացառապես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով: Այդ կարգը գործում է բոլոր երկրներում եւ շատ պարզ բացատրություն ունի. եթե այդպես չլինի, ցանկացած պահի ցանկացած գեներալ կարող է տանկերը քշել նախագահական նստավայրի վրա եւ հեղաշրջում իրականացնել»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ, ով ասում է. - «Այժմ «փաստարկային» քննադատության փորձերի մասին։ Անտարակույս դրա կենտրոնում 2008 թվականի մարտի 1-ին նախագահ Քոչարյանի գործողությունների իբր հակասահմանադրականության մասին միտքն է, մասնավորապես՝ բանակի գործադրման առնչությամբ։ Ստիպված եմ նորից հիշեցնել, որ պետության ղեկավարի բոլոր գործողությունները իրականացվել են երկրի սահմանադրությանը լիովին համապատասխան, ինչպես նաեւ՝ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի այն պահին գործող խմբագրման։ Եթե «պաշտպանություն» տերմինը տվյալ ենթատեքստում ինչ-որ մեկին սրբապիղծ է թվում, ապա պետք է հիշել, որ մեր երկրի Հիմնական օրենքի Մեկնաբանություններում «Հայրենիքի պաշտպանություն» հասկացությունը մեկնաբանվում է ոչ միայն որպես պաշտպանություն արտաքին վտանգից, այլեւ հայրենիքի պաշտպանություն իշխանության զավթման փորձերից եւ սահմանադրական կարգի հանդեպ ոտնձգություններից, ինչն էլ անշուշտ տեղի էր ունենում այդ օրերին»։

«Ժամանակ»-ը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Ներքին գործերի նախկին նախարար, Մարտի 1-ի դեպքերի հասարակական հանձնախմբի անդամ, գեներալ Սուրեն Աբրահամյանին հարցնում է. - «Ինչո՞ւ եք համոզված, որ Սերժ Սարգսյանի հանձնարարականի արդյունքում գործը չի բացահայտվի»: Պատասխան. - «Սերժ Սարգսյանն այս հանձնարարականը տվեց հասարակական ճնշման ու միջազգային կառույցների ճնշման արդյունքում: Սա ավելի շատ ժեստ էր միջազգային կառույցներին, որ իբր իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում հանցագործությունը բացահայտելու համար: Նախաքննական մարմնի արձագանքներից հասկանալի էր, որ իրենք ընդամենը մեկ վարկածով էին իրականացրել նախաքննությունը: Ընդ որում՝ այդ վարկածը թելադրել է այն ժամանակվա գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչի իրավունքն, ի դեպ, նա չուներ: Եթե հիշում եք՝ Քոչարյանն անմիջապես հայտարարեց, թե ընդդիմությունն է մեղավոր կատարվածի համար, որ ընդդիմության գործողություններով է պայմանավորված եղել հասարակական կարգի խանգարումը: Սակայն կատարված հանցագործությունն այնքան բացահայտ էր, այնքան զազրելի ու սոսկալի, որ նախաքննությունը չկարողացավ իր ունեցած վարկածը մինչեւ վերջ առաջ տանել»:

Իսկ «168 ժամ»-ի զրուցակիցը` Ռազմավարական ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը նույն հարցի մասին ասում է. - «Ես կարծում եմ, որ Հայաստանի վրա ազդեց այն մթնոլորտը, որ ստեղծվել էր աշխարհում արաբական հեղափոխություններից հետո: Խնդիրն այնքան հեղափոխությունները չէին, այլ նոր ոճի այն հայտարարությունները, որոնք սկսեցին հնչել գերտերությունների կողմից: Նրանք մի քիչ այլ կերպ սկսեցին խոսել ավտորիտար ռեժիմների, մարդու իրավունքների մասին: Լիբիայում կատարվածը աննախադեպ բան էր, երբ միջազգային կոալիցիան խառնվում էր ներքին պատերազմին` բարձրացնելով մարդու իրավունքների հարցը: Այս ամենը շատ էական ազդեցություն է թողել բոլոր երկրների վրա: Բնական է, որ Հայաստանի վրա նույնպես ազդեցություն պետք է ունենար: Մենք երկիր ենք, որը 2008-ից ապրում է մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների կնիքի տակ»:
please wait

No media source currently available

0:00 0:04:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG