Մատչելիության հղումներ

Հունգարիան կարեւորում է ազգերի ինքնորոշման իրավունքը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ընդունել է Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությանը:

Սերժ Սարգսյանը ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է Հունգարիայի հետ զարգացնել հարաբերությունները: Նա նշել է, որ 2009 թվականին Հունգարիա կատարած իր պաշտոնական այցից հետո, այս տարի սպասվում է Հունգարիայի նախագահի այցը Հայաստան, ինչը վկայում է այդ հարաբերություններն ակտիվացնելու երկկողմ ջանքերի մասին: Նախագահը կարեւորել է երկու երկրների գործարարների միջեւ ակտիվ շփումներին օժանդակելը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հունգարիայի կողմից հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ուշադրության եւ բարյացկամ վերաբերմունքի համար:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է Եվրամիությունում ներկայումս նախագահող Հունգարիայի հետ Արեւելյան գործընկերության շրջանակներում եւս համագործակցության ընդլայնումը: Լասլո Կյովերն իր երկրի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանի եվրաինտեգրման ջանքերին` փոխանցելով այդ ոլորտում Հունգարիայի շուրջ քսան տարվա փորձը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` զրուցակիցները կարեւորել են տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության ապահովման ուղղությամբ գործադրվող ջանքերը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Լասլո Կյովերը նշել է, որ Հունգարիան կարեւորում է ազգերի ինքնորոշման իրավունքը: Նրա կարծիքով, եթե այդ սկզբունքի նկատմամբ պատշաճ վերաբերմունք եւ բարի կամք դրսեւորվի, հնարավոր կլինի շատ հակամարտություններ կարգավորել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG