Մատչելիության հղումներ

Տարվա երկրորդ կեսին Նիկոլա Սարկոզին կայցելի Հայաստան, Սերժ Սարգսյանը` Ֆրանսիա


Մայիսի 16-ից աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները գոհունակություն են հայտնել բարձր մակարդակի փոխայցելությունների եւ քաղաքական երկխոսության, իրավապայմանագրային լայն հենքի, միջխորհրդարանական ամուր կապերի, ապակենտրոնացված ինտենսիվ համագործակցության, Հայաստանում ֆրանսիական ընկերությունների աճող ներկայության կապակցությամբ:

Ժյուպեն ընդգծել է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ ձեւավորվել են սերտ եւ բարեկամական փոխհարաբերություններ:

Հայաստանի եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, միջազգային եւ տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրների: Նալբանդյանն ու Ժյուպեն արձանագրել են, որ մի շարք միջազգային հարցերի վերաբերյալ Հայաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշումներն համընկնում են:

Նախարարները քննարկել են Հայաստան - Եվրամիություն հարաբերությունները եւ այդ շրջանակներում իրականացվող ծրագրերը, մտքեր փոխանակել միջազգային կազմակերպությունների շրջանակներում հայ - ֆրանսիական համագործակցության շուրջ, անդրադարձել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործունեությանը:

Բանակցությունների օրակարգում էր Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Երկուստեք շեշտվել է հիմնահարցի խաղաղ եւ բանակցային լուծման այլընտրանքի բացակայությունը: Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի կառուցողական ներգարավվածությունը` որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ:

Էդվարդ Նալբանդյանը Ալեն Ժյուպեին հրավիրել է այցելել Հայաստան:

Երեկ Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ Հայաստանի արտգործնախարարի հանդիպմանը քննարկվել են այս տարվա երկրորդ կեսին նախատեսված՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Հայաստան այցելության, ինչպես նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարելիք այցի նախապատրաստմանն առնչվող հարցեր:

Այսօր նախատեսված է Նալբանդյանի հանդիպումը Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի անդամների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG