Մատչելիության հղումներ

Կենսաթոշակների ոլորտում խախտումների առնչությամբ քրեական գործ է հարուցվել


Գլխավոր դատախազության շենքը
Գլխավոր դատախազության շենքը
Սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերված խախտումների հետեւանքով Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ:

Առայժմ որեւէ պաշտոնյա չի կալանավորվել, որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: Սոցիալական ապահովության պետական ծառայությունում ստուգումներ էր անցկացրել Վերահսկիչ պալատը: Նյութերը նախ ուղարկվել էին Ֆինանսների նախարարություն, որն էլ օրերս 500 էջանոց նյութեր էր փոխանցել դատախազությունը: Ստուգումները Սոցապ ծառայությունում առայժմ շարունակվում են:

Դատախազությունը երեքշաբթի հաղորդագրություն է տարածել, որում ասում է, թե 2009-2010 թվականների ընթացքում կենսաթոշակների ոլորտում չարաշահումների եւ կեղծարարությունների հետեւանքով պետական բյուջեից յուրացվել է ավելի քան 113 միլիոն դրամի գումար:

Խախտումները վերաբերում են կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության բնագավառներում «կազմակերպական-անօրինական լիազորությունները իրականացնող պաշտոնատար անձանց», որոնք, համաձայն հաղորդագրության, «անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները չկատարելու, պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով մահացած կենսաթոշակառուների անվամբ, ժամկետանց լիազորագրերի հիման վրա, կրկնակի թոշակներ նշանակելու եւ ավել հաշվարկված ստաժի հիման վրա 2009-2010 թվականների ընթացքում ՀՀ պետական բյուջեից դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 181 900 դրամ գումար, որը յուրացվել է»:

Անցյալ շաբաթ 2010 թվականի տարեկան հաշվետվությունը ներկայացնող Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց, որ Վերահսկիչ պալատի եւ «Հայփոստ»-ի միջեւ աշխատանքային համագործակցության արդյունքում արդեն 2011 թվականի հունվարին չի վճարվել 20 650 թոշակառու:

«2011 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի տնտեսումը կազմել է 3 միլիարդ, 308 միլիոն դրամ», - հայտարարեց Զաքարյանը:

Դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե առայժմ նպատակահարմար չի համարում նշել այն պաշտոնյաների անունները, որոնք չարաշահումներ են կատարել:

«Քրեական գործը դեռեւս նոր է հարուցվել, նախաքննությունը ընթանում է: Երբ նախաքննության ընթացքում մեղադրանքներ կառաջադրվեն, հանրությանը այդ մասին տեղյակ կպահենք», - ասաց Տոնոյանը` հավելելով, թե այդ պաշտոնյաները դեռ չեն հարցաքննվել:

Հարցին, թե արդյո՞ք հարցաքննվելու է Սոցապ ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, ով անցյալ տարվա վերջին աշխատանքից ազատվել էր հենց այս հայտնաբերված խախտումների պատճառով, Տոնոյանը պատասխանեց. - «Քննությամբ հիմնավորված անհրաժեշտությամբ պայմանավորված կլինի, թե ով կհարցաքննվի եւ քանի պաշտոնյա»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վազգեն Խաչիկյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե խախտումները համակարգային բնույթ չեն կրել: Նրա կինը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ Խաչիկյանը առողջական խնդիրների պատճառով մեկնել է Հայաստանից հետազոտման:

please wait

No media source currently available

0:00 0:03:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG