Մատչելիության հղումներ

Transparency International-ը քաղաքական կամք չի տեսնում կոռուպցիայի դեմ պայքարում


Transparency International հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության նախագահ Սոնա Այվազյանը կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կառավարության ձեռնարկած քայլերը բավարար չի համարում:

Transparency International-ի վերջին զեկույցն ամփոփել է հարավկովկասյան երեք պետություններում առկա կոռուպցիոն ռիսկերը’ արձանագրելով, որ ամենալուրջ խնդիրները թե' Հայաստանում, թե' Վրաստանում եւ թե' Ադրբեջանում առկա են դատական համակարգում եւ քաղաքացիական ծառայության ոլորտում: Զեկույցը Հայաստանում աննշան տեղաշարժ էր նկատել դատական համակարգի բարեփոխումների եւ քաղաքացիական ծառայության համակարգերում:

«Մենք չենք գրանցում քաղաքական կամքի որեւիցե դրսեւորում եւ չենք նկատում, որ պետական կառույցները իսկապես պայքարում են կոռուպցիայի դեմ, որպեսզի իրականացնեն իրենց պարտավորությունները ոչ միայն միջազգային կազմակերպությունների առջեւ, բայց նաեւ հակակոռուպցիոն ռազմավարությունը, որը ընդունվել է ՀՀ կառավարության կողմից», - ասաց Սոնա Այվազյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ով Շիրակի մարզում հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված հակակոռուպցիոն մի քանի ծրագրերի հեղինակ է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե վերջին տարիներին իշխանությունների կողմից իրականացված հակակոռուպցիոն քայլերում տեղաշարժ չի նկատում, իսկ Հայաստանն էլ կոռումպացված երկիր է:

«Ամբողջ հարցն այն է, որ Հայաստան պետությունը զավթված է, կոռուպցիան պետության զավթման մակարդակի կոռուպցիա է: Ամբողջ իրավապահ համակարգը, իշխանությունը, բյուջետային միջոցների բաշխման ողջ սխեման, արդարադատության համակարգը զավթված է: Մենք խոշոր հաշվով ընդհանուր առմամբ կոռումպացված ենք, եւ սրա մեջ ակնկալել, որ ինչ-որ մի թեւի ուղղությամբ հակակոռուպցիոն գործունեությունը կարող է շոշափելի արդյունք տա, այդպես չէ», - ասաց Բարսեղյանը` հավելելով, թե անհրաժեշտ է «էական արմատական հակակոռուպցիոն պայքար է պետք, իսկ դրա համար քաղաքական կամք է հարկավոր»:

«Հասարակ համեմատություն արեք Վրաստանի ճանապարհային ոստիկանության մաքրման հետ: Կարելի է մի շաբաթում ամբողջը խելքի բերել, եւ ոչ ոք չի համարձակվի երբեւէ ասել, թե Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը կոռումպացված է: Մեր դեպքում ներդրումներ են անում` ավտոմեքենաներ, համակարգիչ, կահույք եւ այլն, արդյունքում արդարադատություն տեղի չի ունենում, բոլորը մնում են համոզված, որ դատարանը գործադիր իշխանության շարունակությունն է: Իմ կարծիքով` ինչ-որ դրվագային բարենորոգումներով բան դուրս չի գա», - ասաց Բարսեղյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG