Մատչելիության հղումներ

Transparency International-ը Հայաստանում աննշան տեղաշարժ է արձանագրում


Transparency International-ի լոգոն
Transparency International-ի լոգոն
Transparency International-ը հերթական անգամ ամփոփել է հարավկովկասյան երեք պետություններում առկա կոռուպցիոն ռիսկերը`արձանագրելով, որ ամենալուրջ խնդիրները թե' Հայաստանում, թե' Վրաստանում եւ թե' Ադրբեջանում առկա են դատական համակարգում եւ քաղաքացիական ծառայության ոլորտում:

Հայաստանում տիրող իրավիճակի մասին Transparency International-ի մասնագետները գրում են. - «2010-ին այստեղ աննշան տեղաշարժեր են արձանագրվել, մասնավորապես, դատական համակարգի բարեփոխումների եւ քաղաքացիական ծառայության համակարգերում: Դատական համակարգում առկա խնդիրները` անկախության եւ թափանցիկության պակասն են, իսկ քաղաքացիական ծառայության ոլորտը խիստ քաղաքականացված է»:

Ադրբեջանի մասին զեկույցի հեղինակները գրում են. - «Արդարադատության համակարգն այս երկրում թույլ է, այն եւս մեծապես տուժում է անկախության եւ թափանցիկության պակասից: Բացի այդ, դատավորների նշանակումների հարցում Ադրբեջանի գործադիր իշխանության վերահսկողությունը շատ մեծ է»:

Ադրբեջանում արձանագրված դրական միտումներից Transparency International-ի մասնագետները նշում են քաղաքացիական ծառայության ոլորտում երիտասարդ արհեստավարժ կադրերի ներգրավումն ու վարժանքների անցկացումը: Չնայած դրան` հանրային սեկտորը, ըստ Transparency International-ի մասնագետների, նախեւառաջ տուժում է կառավարման թույլ կարողությունների պատճառով:

«Կատարելով հակակոռուպցիոն GRECO կազմակերպության պահանջները` Ադրբեջանը ֆինանսական ոլորտում հետաքննական գործառույթներով օժտված կառույց է ստեղծել: Բացի այդ, 2011-ի առաջին ամիսներին Քրեական օրենսգրքում կաշառառության դեմ ուղղված մի շարք նոր հոդվածներ են ներառվել», - գրում են զեկույցի հեղինակները` ընդհանուր առմամբ նկատելով, որ 2010-ին Ադրբեջանը կատարել է GRECO-ի կողմից առաջարկված 36 քայլերից 24-ը:

Ինչ վերաբերում է Վրաստանին, որն արդեն մի քանի տարի է ինչ համարվում է կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային առաջատարներից մեկը, Transparency International-ի փորձագետները գրում են. - «Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ դատական համակարգի եւ պետական իշխանության անկախության պակասը շարունակում է վտանգել Վրաստանի որակյալ կառավարման հեռանկարները: 2009-ի համեմատ միակ լուրջ դրական տեղաշարժը Վրաստանում գնումների էլեկտրոնային համակարգի ներդրումն էր: Դատական բարեփոխումների եւ քաղծառայության ոլորտներում որեւէ զգալի տեղաշարժ չի արձանագրվել»:

Զեկույցի հեղինակները հատուկ նշում են, որ Վրաստանում քաղաքացիական ծառայության զարգացման ոլորտի առջեւ ծառացած գլխավոր խոչընդոտը քաղաքականացվածության բարձր մակարդակն է:

Transparency International-ի փորձագետները Վրաստանի իշխանություններին դիմելով խորհուրդ են տալիս. - «Կռուպցիայի դեմ պայքարում հետագա հաջողությունների հասնելու համար պաշտոնական Թբիլիսին պետք է ապահովի թափանցիկությունն ու անկողմնակալությունը թե' օրենքների ընդունման եւ թե' դրանց ի կատար ածման ընթացքում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG