Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «ՀՄՀ-ի ծրագրերը Հայաստանում երբեւէ իրականացված ամենահաջող ծրագրերից են»


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսին, ով Հայաստան է ժամանել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի (ՀՄՀ) կողմից երկրում իրականացված հնգամյա ծրագրի արդյունքներին ծանոթանալու նպատակով:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հիմնադրամին` Հայաստանին ցուցաբերած օժանդակության, իրականացրած արդյունավետ ծրագրերի համար, ընդգծելով, որ դրանք Հայաստանում երբեւէ իրականացված ամենահաջող ծրագրերից են:

«Շատ կարեւոր է, որ ծրագրերն ուղղված են գյուղական ենթակառուցվածքների զարգացմանը: Մենք նաեւ ջանքեր ենք գործադրում, որպեսզի այն ծրագրերը, որոնք չհասցրեցինք իրականացնել Հիմնադրամի աջակցությամբ, իրագործենք այլ միջոցներով, որպեսզի ծրագրերը լինեն շարունակական», - ասել է նախագահը:

ՀՄԿ-ի գլխավոր գործադիր տնօրենը, մասնավորապես, նշել է. - «Ըստ իս, այս ներդրումները դրական փոփոխությունների են հանգեցրել, որոնք զգալի են նաեւ ժողովրդի համար: Հողագործներից շատերի հետ խոսեցի, ովքեր ինձ պատմեցին, որ հնարավորություն են ունեցել կրկնապատկել, եռապատկել, անգամ քառապատկել իրենց բերքն ու եկամուտներն այս ծրագրերի շնորհիվ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG