Մատչելիության հղումներ

Հայաստանյան լրատվական դաշտում «ինչ-որ չափով գոյություն ունի խոսքի ազատություն»


Internews Europe-ի գլխավոր տնօրեն, «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի ղեկավար Մանանա Ասլամազյանի գնահատմամբ, հայաստանյան լրատվական դաշտում ինչ-որ չափով գոյություն ունի խոսքի ազատություն, քանի որ գոյություն ունեն ընդդիմադիր թերթեր:

«Այսօրվա ծանր վիճակում եւ աղքատ երկրում, ինչպիսին Հայաստանն է, շատ լավ են զարգացած on-line լրատվամիջոցները: Բայց ինչ վերաբերում է հեռուստատեսությունը` իրավիճակը, Ասլամազյանի համար «պարզապես զարմանալի է». - «Զարմանալի է այն իմաստով, որ ես չեմ հասկանում` ինչին են այսքան փոքր երկրին եւ Երեւանի նման փոքր քաղաքին պետք շուրջ 2 տասնյակ հեռուստաալիքներ: Տեղեկատվական հոսքերը, մասնագիտական կադրերը թույլ չեն տալիս խոսել Հայաստանում լիարժեք, որակյալ հեռուստատեսության գոյության մասին»:

Խոշոր հաշվով, ըստ Ասլամազյանի, հայկական հեռուստատեսությունը կարելի է որակել որպես «անվերջ արեւմտյան ֆիլմեր, ընդ որում` ոչ միշտ արտոնագրված, համերգներ` երբեմն լավ, բայց ավելի հաճախ գռեհիկ երաժշտություն, եւ առայժմ սակավաբյուջե եւ անորակ հեռուստասերիալներ»:

Տեղեկատվական հեռարձակումը, ըստ նրա, միանման է, երբ նայում ես տարբեր հեռուստաալիքների լրատվական թողարկումները, սյուժեները` «երեւում է, որ դա չէ իրական կյանքը»:

«Սրա հիմնական պատճառն այն է, որ լրատվամիջոցների շուկան ֆինանսապես անկախ չէ, գովազդի շուկան մեծ չէ` տարեկան մոտ 30 միլիոն դոլար, բավական խիստ վերահսկողության տակ են հեռուստաալիքների ֆինանսական հոսքերը: Հեռուստատեսությունում գոյություն ունեցող ինքնագրաքննությանը գումարվում է ընկերությունների աղքատությունը կամ ֆինանսական կախվածությունը, եւ արդյունքում` մի կողմից ունենք 20 հեռուստաալիք, մյուս կողմից` ցավոք սրտի, հայկական հեռուստաալիքների հաղորդումները 15-20 րոպե դիտելուց հետո ցանկություն է առաջանում ալիքը փոխել ու նայել ավելի պրոֆեսիոնալ եւ հետաքրքիր հաղորդում», - նշում է Internews Europe-ի գլխավոր տնօրենն ու շարունակում. - «Ամենակարեւորը` Հայաստանում բացակայում է լրատվամիջոցը որպես բիզնես: Չկան մեդիամագնատներ, կորպորացիաներ, որոնք, օրինակ հեռուստատեսություն են բացում ոչ սեփական արտադրանքը կամ քաղաքական հայացքները գովազդելու, այլեւ պարզապես գումար վաստակելու համար»:

«Ժամանակին Վլադիմիր Պուտինը հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նման միտք էր արտահայտել` զվարճացրե'ք հեռուստադիտողին, գումարներ վաստակե'ք, բայց քաղաքականությունից զերծ եղեք: Իմ կարծիքով, հայկական հեռուստաընկերությունները նույն սխալն են կատարում. զվարճացնում են հեռուստալսարանին, սակայն ֆինանսական սահմանափակ միջոցների եւ պրոֆեսիոնալիզմի պակասի պատճառով դա անում են անորակ` իջեցնելով հեռուստադիտողի մշակութային ու կրթական մակարդակը», - ասաց փորձագետը:

Նրա գնահատմամբ, իշխանությունը կամ գոնե որոշ իշխանական շրջանակներ պետք է լրջորեն շահագրգռված լինեն, որպեսզի Հայաստանի հեռուստա եւ ռադիոեթերում բազմակարծություն լինի, իսկ քանի դեռ նման պահանջարկ չկա, «Ա1+»-ի վերաբացման հնարավորությունը թվում է քիչ հավանական, թեեւ այսքան տարի անց էլ մարդիկ հիշում են այդ հեռուստաընկերությանը. - «Եթե հրաշք տեղի ունենա եւ «Ա1+»-ը եթեր վերադառնա, պետք է այնքան շատ աշխատի` վերադարձին այսքան տարի սպասող մարդկանց խուսախաբ չանելու համար»:

Իսկ որակյալ հեռուստատեսությունը, կամ ընդհանրապես` կայացած լրատվական դաշտը, ըստ Մանանա Ասլամասզյանի. հնարավոր է միայն երեք պայմանների առկայության դեպքում.- «Հասարակական պահանջարկ, լրագրողական համայնք եւ խելացի իշխանություն: Խելացի իշխանություն չի նշանակում միայն խելացի անհատներ, դա իշխանության պատմականորեն ձեւավորված պատասխանատվությունն է հասարակության առջեւ, դա ավանդույթներն են, մշակույթը, պետության կառուցվածքն է եւ այլն: Դա վիճակ է, երբ իշխանությունը ստիպված է խելացի ու հեռատես լինել, հասկանալ, որ լրատվամիջոցները ոչ թե քարոզչական գործիք են, այլ հայելի` որի մեջ պետք է անընդհատ նայել», - եզրափակեց Internews Europe-ի գլխավոր տնօրենը:
please wait

No media source currently available

0:00 0:04:44 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG