Մատչելիության հղումներ

Համանախագահներն ամփոփում են ԼՂ հարակից տարածքներում դիտարկման արդյունքները


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, Վիեննայում մարտի 23-24-ին Մինսկի խմբին ներկայացնելուց հետո հրապարակել են Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացված դիտարկման գործադիր ամփոփումը:

«Այդ տարածքների դաժան իրականությունը վերահաստատել է համանախագահների այն տեսակետը, որ ստատուս քվոն անընդունելի եւ, եւ որ հակամարտության միայն խաղաղ, բանակցային կարգավորումը կարող է ավելի լավ եւ հաստատուն ապագայի հեռանկարներ բացել այն մարդկանց համար, ովքեր նախկինում ապրել են այդ տարածքներում, եւ ովքեր այժմ ապրում են այնտեղ», - ասված է համանախագահների` Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովի (Ռուսաստան) հրապարակած հայտարարության մեջ:

Համանախագահները նաեւ տեղեկացրել են, որ մոտ ապագայում այցելելու են տարածաշրջան` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ քննարկումները շարունակելու` օգտվելով մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում առաջացած դրական տեղաշարժից:

«Նրանք (համանախագահները) իրենց զրուցակիցների հետ նաեւ կոնկրետ միջոցառումներ կմշակեն, որոնք թույլ կտան կյանքի կոչել Սոչիում ստանձնած պարտավորությունները` հրադադարի խախտումների վերաբերյալ բոլոր կողմերի մասնակցությամբ հետաքննություններ անցկացնելու վերաբերյալ», - նաեւ ասված է հայտարարության մեջ:

Հերթական անգամ ընդգծելով, որ հակամարտության կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն ինչպես իրենց իրականացրած քայլերում, այնպես էլ հրապարակային կոչերում, համանախագահները «անընդունելի» են որակել ուժի կիրառման սպառնալիքը, այդ թվում` քաղաքացիական օդանավերի նկատմամբ:

«Այս առումով, համանախագահները խստորեն դատապարտում են սպանությունների եւ հակահարվածների անիմաստ շրջապտույտը առաջին գծի երկայնքով, եւ վերահաստատում իրենց վաղուցվա դիրքորոշումը, որ կողմերը պետք է պատրաստեն իրենց հասարակություններին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի», - եզրափակում են ԵԱՀԿ-ի համանախագահները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG