Մատչելիության հղումներ

Յագլանդը Ալիեւին մտահոգություն է հայտնում Ադրբեջանում ազատությունների սահմանափակման առնչությամբ


Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը երեկ նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որում իր մտահոգություններն է հայտնել այդ երկրում քաղաքական բանավեճում բազմակարծության, խոսքի եւ հավաքների ազատության սահմանափակումների առնչությամբ:

Եվրախորհրդի պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, Յագլանդը Ալիեւին կոչ է արել փոխել «հավաքների ազատության նկատմամբ խիստ սահմանափակող մոտեցումը»` մտահոգություն հայտնելով Բաքվում մարտի 11-ի եւ 12-ի ցույցերին նախորդած ձերբակալությունների մասին հաղորդագրությունների կապակցությամբ:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը նաեւ իր հիասթափությունն է արտահայտել այն փաստի հետ կապված, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը` դիտարկել բոլոր հնարավորությունները խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւի ազատազրկմանը վերջ տալու համար:

Թյորբորն Յագլանդը վերահաստատել է մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին վերաբերող օրենսդրությունը եւ վարչական ու դատական պրակտիկան Եվրախորհրդի անդամ երկրից ակնկալվող մակարդակի բարձրացնելու գործում Ադրբեջանի իշխանություններին օժանդակելու իր առաջարկը:

Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը նաեւ Բաքու այցելելու եւ այդ խնդիրները Ալիեւի ու նրա վարչակազմի հետ քննարկելու պատրաստակամություն է հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG