Ձեռնպահ են մնացել Ռուսաստանը, Չինաստանը, Բրազիլիան, Գերմանիան եւ Հնդկաստանը։ Այստեղ հատկապես կարեւոր էր Ռուսաստանի եւ Չինաստանի դիրքորոշումը, քանի որ հանդիսանալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, այդ երկու երկրներից յուրաքանչյուրը կարող էր վետո սահմանել եւ կասեցնել բանաձեւի ընդունումը։
Ձեռնպահ մնացած հինգ երկրները, դատապարտելով Լիբիայում խաղաղ բնակչության դեմ գնդապետի ռեժիմի սանձազերծած բռնությունները, նշել են, որ թռիչքազերծ գոտու սահմանումը իրավական եւ տեխնիկական պարզաբանումների կարիք ունի։
Այդուհանդերձ ձեռնպահ մնալն այս դեպքում գործնականում նշանակում էր սատարել բանաձեւին, ինչը չափազանց տհաճ լուր է վերջին օրերին ապստամբների նկատմամբ ռազմական առավելություն ապահոված Մուամար Քադաֆիի զորքի համար։
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Մարք Լայալ Գրանթն ասել է, որ բանաձեւի նպատակն է վերջ տալ բռնությանը, պաշտպանել խաղաղ բնակիչներին եւ Լիբիայի ժողովրդին ընձեռել Քադաֆիի բռնապետական ռեժիմից ձերբազատվելու հնարավորություն։
1973 բանաձեւը ենթադրում է ոչ միայն թռիչքազերծ գոտու սահմանում, այլեւ Լիբիային զենք մատակարարելու էմբարգո, Լիբիայի սեփականություն հանդիսացող կամ Լիբիայի կողմից վարձակալած օդանավերի միջազգային չվերթների արգելք։
Բացի այդ, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սյուզան Ռայսի փոխանցմամբ, բանաձեւով ընդարձակվում է սառեցված հաշվեհամարների ցանկը, որում ընդգրկված են լիբիացիները կամ լիբիական պետական կառույցները։
Պարզաբանելով կողմ չքվեարկելու որոշումը, ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինն ասել է, որ ռուսական կողմի համար անընդունելի է բանաձեւի պահանջները ապահովելու համար «անհրաժեշտ բոլոր միջոցների դիմելու» մասին դրույթը, քանի որ այն կարող է հանգեցնել ուժի անհարկի կիրառման, ինչի արդյունքում կարող են տուժել խաղաղ մարդիկ։
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւը ցնծությամբ են ընդունել Լիբիայի ընդդիմության պաշարված կենտրոն Բենգազիում։ Ենթադրվում է, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան արդեն պատրաստվում են ռազմական գործողությունների։