Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիա` ի պաշտպանություն Տիգրան Փոստանջյանի


Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց ուրբաթ օրը բողոքի ակցիա անցկացնող մի խումբ քաղաքացիներ պահանջում էին ազատ արձակել փետրվարի 25-ից կալանավորված, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբորը` Տիգրան Փոստանջյանին:

Ակցիայի մասնակիցներին թույլ չտվեցին ԱԱԾ-ի մուտքի մոտ անցկացնել իրենց միջոցառումը: Բանակցություններն արդյունք չտվեցին, մարդիկ կանգնեցին դիմացի մայթի եւ իրենց կոչերը այնտեղից էին հնչեցնում:

Արաբկիրի թաղապետարանում որպես առաջատար մասնագետ աշխատող Տիգրան Փոստանջյանը, Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն, ձերբակալվել էր 100 հազար դրամ ապօրինի վարձատրություն ստանալու կասկածանքով: Գործը քննում է ԱԱԾ-ն, որի պնդմամբ էլ դատարանը բավարարեց Փոստանջյանին կալանելու միջնորդությունը: Նրան «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից` КГБ-ի նախկին մեկուսարանից տեղափոխեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Տիգրան Փոստանջյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նրա պաշտպանական կողմը պնդում է, որ ԱԱԾ-ին քրեական գործի հանձնումն անօրինական է, որ իրավապահ այս մարմինը չի կարող քննել ապօրինի վարձատրություն հետ կապված գործեր, ինչի համար էլ Փոստանջյանը հրաժարվում է մասնակցել քննչական գործողություններին:

Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ ԱԱԾ-ի քննիչը իրեն թույլ չի տալիս հանդիպել եղբոր հետ: Ընդդիմադիր պատգամավորն ասաց` թեեւ Տիգրանը չի բարձրաձայնում դրա մասին, չի բողոքում, բայց նրան ճնշում են մեկուսարանում:


«Շատ լավ գիտեմ (շուրջ 10 տարի փաստաբան եմ աշխատել), թե ինչի համար են այդ ապօրինի գործողությունները իրականացվում. որպեսզի կարողանան իրենց մեթոդներով ճնշումներ գործադրել իմ եղբոր վրա», - ասաց Փոստանջյանը:

Նա պնդում էր, որ եղբորը հետապնդելու պատճառը իր եւ «Ժառանգություն» կուսակցության քաղաքական գործունեությունն է:

«Հենց այնպես չէր, որ Գյումրիի շուրջ 12.5 ժամ զանգվածային միջոցառումներից հետո որոշում կայացվեց` իրբեւ թե 6 ամիս առաջ ինչ-որ դեպք է տեղի ունեցել, որպեսզի շեղեն ե'ւ ինձ, ե'ւ «Ժառանգությանը», - կարծում է Փոստանջյանը:

Տիգրան Փոստանջյանին ժամանակավոր պահման մեկուսարանում այցելելու հնարավորություն է ունեցել «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով եւս մասնակցում էր այսօրվա ակցիային: Նա եւս պնդեց, որ Տիգրանի ձերբակալությունով փորձ է արվում «կաշկանդել Զարուհի Փոստանջյանի եւ «Ժառանգության» գործունեությունը»:

please wait

No media source currently available

0:00 0:04:10 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG