Մատչելիության հղումներ

Եվրամիության արտակարգ ժողովի օրակարգում Լիբիայի խնդիրն է


Եվրոպական Միության երկրների ղեկավարներն այսօր Բրյուսելում գումարում են արտակարգ ժողով, որի օրակարգում Լիբիայի խնդիրն է։

Եվրամիության նախագահող երկիրը` Հունգարիան, հայտարարել է, թե ենթադրվում է, որ ԵՄ-ն Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆիին կհորդորի հրաժարական տալ։ Բացի այդ, չի բացառվում, որ Եվրամիությունը Տրիպոլիի նկատմամբ նոր պատժամիջոցներ կընդունի։

Հանդիպման նախօրեին Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան առաջարկել են Լիբիայի ընդդիմության ղեկավարներին ճանաչել որպես քաղաքական կազմակերպություն։

Երկու երկրներն էլ աջակցում են Լիբիայի ընդդիմությանը ռազմական օգնություն տրամադրելու եւ թռիչքազերծ գոտի սահմանելու առաջարկին։

Մինչդեռ, Լիբիայի շարունակվում են բախումները: Ապստամբների հենակետներից Ռաս Լանուֆ բնակավայրում ռազմական գործողություններից տուժածների թիվը շեշտակի աճել է։ Լրատվական գործակալությունները հաղորդում են, որ Քադաֆիին հավատարիմ զինված ստորաբաժանումներն արգելում են շտապօգնության մեքենաների մուտքը քաղաք։

Ականատեսների վկայությամբ, Տրիպոլիից արեւմուտք գտնվող Զավիա ավանում գրեթե ամբողջությամբ ճնշել են ապստամբների դիմադրությունը, սպանվածների թվում կանայք եւ երեխաներ կան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG