Մատչելիության հղումներ

Վեցամյա Կոլյան` Բելառուսի իշխանության ժառանգո՞րդ


Բելառուսի նախագահի հանդիպումը Հռոմի պապի հետ, Վատիկան, 27-ը ապրիլի, 2009թ.
Բելառուսի նախագահի հանդիպումը Հռոմի պապի հետ, Վատիկան, 27-ը ապրիլի, 2009թ.

Նիկոլայ Լուկաշենկան, կամ Կոլյան, այսօր Բելառուսի պետական հեռուստատեսության եթերում ամենից հաճախ երեւացող թերեւս երկրորդ մարդն է` Ալեքսանդր Լուկաշենկայից հետո։

Մի քանի տարի առաջ նրա գոյության մասին Բելառուսում քչերը գիտեին, այսօր, սակայն, վեցամյա շիկահերին ճանաչում են ոչ միայն երկրի ներսում, այլեւ դրսում։

Լուկաշենկայի` արտաամուսնական կապից ծնված որդին նախագահ հորն ուղեկցում է գրեթե բոլոր բարձրաստիճան հանդիպումներում։

Հենց նրա հետ էր Բելառուսի նախագահը երկու տարի առաջ Երեւան ժամանել` նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցելու. գրեթե բոլոր լրատվամիջոցները ցույց տվեցին, թե ինչպես էր փոքրիկ Կոլյան, հոր գրկին նստած, ուշադրությամբ ունկնդրում նախագահների խոսքը հայ - բելառուսական համագործակցության մասին։

Կոլյային, կամ ինչպես Բատկան է նրան քնշորեն ասում` «մալիշին» (փոքրիկ), հայրը նաեւ Վատիկան էր տարել` Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի հետ երկար սպասված ընդունելությանը, եւ անգամ վստահել Մինսկում ռազմական շքերթն ընդունելու պատասխանատու առաքելությունը։

«Ես ոչինչ չեմ կարող անել, Կոլյան առաց ինձ չի մնում», - անձնական կյանքի մասին տված բացառիկ հարցազրույցներից մեկում պարզաբանել էր Ալեքսանդր Լուկաշենկան. - «Ոչ մեկի հետ չի ուզում մնալ, ոչ մեկի, անընդհատ կրկնում է` հայրիկ, ես քեզ հետ եմ գալիս եւ վերջ... Տղամարդ է մեծանում, ինչ փիարի մասին կարող է խոսք լինել»։

Ընդդիմադիր գործիչներն ու փորձագետները, մինչդեռ, պնդում են, թե Լուկաշենկան շատ հաճախ դիտմամբ է դիմում փոքրիկ Կոլյայի օգնությանը, որպեսզի ընդգծի սեփական բարի եւ հոգատար վերաբերմունքը շրջապատի նկատմամբ։

Ահա թե այդ մասին ինչ է ասում «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության լրագրող, փորձագետ Ալեքսանդրա Դինկոն. - «Նա նրան «մալիշ» է անվանում, պարբերաբար պատմում է` ինչպես են միասին Նոր տարին դիմավորել, նախագահական բանավեճերին հետեւել, խաղ արել... հասարակության համար դա ընկալվում է որպես հնարք` շարքային, սովորական մարդ երեւալու համար»։

Քաղաքական փորձագետները, սակայն, այլ պատճառներ էլ են տեսնում փոքրիկ Կոլյայի հանդեպ դիկտատորի համբավ ունեցող նախագահի ընդգծված հոգատարության համար:

«Լուկաշենկան խիստ միայնակ է, եւ Կոլյան միակն է, ում նա անվերապահ վստահում է», - ասում է քաղաքագետ Ուլադիմիր Պադհոլը եւ հավելում. - «Նա հեռացրել է իրենից բոլորին, քանի որ վախենում է, որեւէ մեկին չի վստահում եւ մրցակից է տեսնում անգամ իր ավագ երկու որդիների` Վիկտարի եւ Դմիտրիի մեջ»։

Լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում Լուկաշենկան անգամ կես կատակ-կես լուրջ պնդել էր, թե մտադիր է իշխանությունը փոքրիկ Կոլյային փոխանցել:

Կդառնա՞ այս հայտարարությունը իրականություն, կստեղծվի՞ Բելառուսում Լուկաշենկաների դինաստիա` առայժմ դժվար է ասել:

«Հաստատ է միայն, որ «արքայազն Կոլյան»` միգուցե եւ հակառակ իր կամքին, այժմ դարձել է գործիք հոր ձեռքում` սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար», - փաստում են փորձագետները։

«Երեխայի համար դա հրեշավոր տանջանք է` աջուձախ գնալ, նախագահների հետ հանդիպել, այն էլ` այնպիսի նախագահների հետ, որոնց հայրն է հանդիպում», - ասում է Լուկաշենկայի մասին ֆիլմի հեղինակ, վավերագրող Յուրի Խաշեւատսկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG