Մատչելիության հղումներ

«Ժառանգություն». «Քաղաքական հետապնդումները չեն հասնելու իրենց նպատակին»


«Ժառանգություն» կուսակցությունը այսօր հայտարարել է, որ «որպես իշխանության ապօրինի եւ ուղղակի հրահանգի կատարում» է դիտարկում Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամսով կալանքը ընտրելու վերաբերյալ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

«Փետրվարի 17-ին Գյումրի քաղաքում «Ժառանգության» պատգամավորների կողմից շուրջ 12 ժամ տեւողությամբ բողոքի ակցիաները, իշխանական բլոկադայի հաղթահարումը եւ ըստ էության Գյումրի քաղաքը մի քանի ժամ շարունակ քաղաքացիների փաստացի վերահսկողության ներքո պահելը առաջացրեց իշխանության սարսափը «Ժառանգության» եւ ըմբոստ հասարակության միացյալ կարողությունների նկատմամբ, որի հետեւանքն է մի քանի ժամ անց Զարուհի Փոստանջյանի եղբայր Տիգրան Փոստանջյանի դեմ հարուցված քրեական հետապնդումը», - ասված է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունում:

Պնդելով, որ գործը «սարքովի եւ պատվիրված» է, եւ որ դրա ընթացքում կոպտորեն խախտված են մի շարք քրեադատավարական դրույթներ, «Ժառանգություն»-ը «ի գիտություն իշխանության, Ազգային անվտանգության ծառայության եւ դատախազության վերստին հայտարարում է, որ շարունակական քաղաքական հետապնդումները միեւնույն է չեն հասնելու իրենց անբարո նպատակին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG