Մատչելիության հղումներ

Հայերեն է թարգմանվել Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպը


Բանաստեղծ, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը թարգմանել եւ հրատարակել է 20-րդ դարի ամենահայտնի եւ ամենաբարդ գրական ստեղծագործություններից մեկը` Ջեյմս Ջոյսի հանրահայտ «Ուլիսես» վեպը:

«Ուլիսես»-ը մինչ այս թարգմանվել է աշխարհի ընդամենը 19 լեզուներով, որովհետեւ, ինչպես նշում է հեղինակը, ոչ թե լավ թարգմանիչներ չեն գտնվել, այլ լեզուն պետք է հնարավորություն տա թարգմանել այդ բարդ գրական երկը:

Ըստ Սամվել Մկրտչյանի` հայերենը ոչ միայն ունի այդ հնարավորությունը, այլեւ թարգմանության ընթացքում նա եւս մեկ անգամ համոզվել է, որ հայերը բոլորովին արժանին չեն մատուցում հայոց լեզվին, որն անսահման հնարավորություններ է բացում բոլորի համար:

«Ավաղ, մեր հասարակությունը ասես մի կողմում է, մեր լեզուն` մեկ այլ», - ասում է թարգմանիչը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Ջոյսի այս եզակի թարգմանությունը աննախադեպ է նաեւ մեկ այլ առումով. այն տպագրվում է ըստ պահանջարկի, գիրքը կարելի է գնել պատվիրելով միայն համացանցի միջոցով: Ինչպես Սամվել Մկրտչյանն է ասում, իր համար զարմանալի է այն մեծ պահանջարկը, որն ունի այս գիրքը: Գիրքը հայաստանյան իրականության համար էժան չէ` արժե 25000 դրամ:

Հեղինակը համոզված է, որ Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ի` 18 գլուխներից բաղկացած մոտ 800 էջանոց վեպի հայերեն թարգմանությունը իրոք խոշոր իրադարձություն է ոչ միայն գրական, այլեւ հասարակական կյանքում:

«Այն նույնքան շրջադարձային կարող է լինել մեր իրականության համար, մեր ընթերցողների, մեր գրողների, առհասարակ մեր հասարակության համար, ինչպես ժամանակին եղան շեքսպիրյան թարգմանությունները Հովհաննես Խան-Մասեհյանի կողմից», - համոզված է թարգմանիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG