Մատչելիության հղումներ

Շիրակցի եւ լոռեցի ավտոսեփականատերերի միացյալ բողոքի ցույց` Վանաձորում


Չնայած ճանապարհային ոստիկանության հարուցած խոչընդոտներին, շիրակցի ու լոռեցի մի քանի տասնյակ չմաքսազերծված ավտոմեքենաների սեփականատերեր երեքշաբթի օրը հանդիպեցին ու միասնական բողոքի երթ անցկացրեցին Վանաձորում:

Վրացական պետհամարանիշներով մեքենաների շուրջ 50 շիրակցի վարորդներ առավոտյան Գյումրիից հասնելով Ջաջուռ՝ ստիպված էին ավելի քան 4 ժամ անցկացնել ավտոմայրուղու վրա: Ոստիկանները թույլ չէին տալիս շարունակել ճանապարհը՝ հայտարարելով, թե դա անում են վարորդների ապահովության համար՝ ճանապարհը խցանված է ու վտանգավոր: Չնայած դրան` հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներին ոստիկանները անարգել թողնում էին շարունակել ճանապարհը:

Վանաձորի սկզբնամասում, Մշակույթի պալատի շենքի առջեւ շիրակցի վարորդներին սպասող վանաձորցի ավտոսեփականատերերը եւս խոչընդոտների բախվեցին` ոստիկանությունը փորձում էր ցրել նրանց` պատճառաբանելով վատ եղանակը: Ի վերջո, վարորդներին աջակցելու նպատակով այստեղ գտնվող Ազգային ժողովի «ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանի եւ Զարուհի Փոստանջյանի միջնորդությունից հետո ոստիկանները հրաժարվեցին ցույցը ցրելու մտքից:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, մասնավորապես, հայտարարեց, որ իրենց խմբակցությունը պատրաստվում է նոր առաջարկներ ներկայացնել Ազգային ժողով՝ ընդառաջ գնալով վարորդների պահանջներին եւ փոփոխել Մաքսային օրենսգիրքը:

Վանաձորի Հայքի հրապարակում կազմակերպված բողոքի ակցիայից հետո ավտոսեփականատերերը շարժվեցին դեպի Շիրակի մարզ, սակայն ճանապարհին հանդիպելով Շիրակից մեծ ուշացումով ժամանած վարորդներին, ցուցարարները խմբով վերադարձան Վանաձոր:

Այս անգամ արդեն փակ էր Վանաձորի մուտքը: Ոստիկանության ավտոմեքենաները կայանել էին փողոցի եզրին, ու մինչ ավտոշարասյունը կմոտենար քաղաքի մուտքին, փողոցը մաքրող տեխնիկան փակեց ճանապարհը:

Թեեւ ոստիկանության ներկայացուցիչներն ասում էին, թե իրենք կապ չունեն տեխնիկայի հետ, ցուցարարները սա դիտավորություն համարելով՝ սկսեցին իրենց բողոքի ակցիան:

«Ժառանգության» պատգամավորները, բանակցելով Լոռիի ոստիկանապետ Արմեն Համբարյանի հետ, որոշեցին ոստիկանության ուղեկցությամբ շրջել Վանաձորում: Երթն ավարտվեց հանրահավաքով Վանաձորի Արցախ պուրակում՝ «Ժառանգության» պատգամավորների ելույթներով:

Բողոքի տարբեր ակցիաների պատճառ դարձած օրենսդրական փոփոխությունների համաձայն, վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների` Հայաստանի քաղաքացիություն ունեցող տերերը իրավունք ունեն տարվա ընթացքում ընդամենը երկու անգամ` 15-օրյա ժամկետով ժամանակավոր ներմուծել իրենց մեքենաները:

Թեեւ օրենքում խոսք չկա մաքսազերծման մասին` մեքենայի տերը այն պարտավոր է մաքսազերծել` վճարելով հարկեր, որոնք, ցուցարարների պնդմամբ, կազմում են մեքենայի համար իրենց վճարած արժեքի մինչու 30 տոկոսը: 15-օրյա ժամկետից ավելի ավտոմեքենան Հայաստանում շահագործելու դեպքում սահմանվել են բավական բարձր տուգանքներ:

Նախկինում, վրացական պետհամարանիշներով մեքենաները կարելի էր Հայաստանում շահագործել մեկ ամիս, ապա սահմանում ելք ու մուտք ձեւակերպել եւ կրկին շահագործել եւս մեկ ամիս, առանց մուտքերի քանակի սահմանափակման:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` անցած տարի Հայաստանում շահագործվող շուրջ 430 հազար ավտոմեքենաների ավելի քան 10 տոկոսը, օգտվելով նախկինում գործող օրենքի ընձեռած այս հնարավորությունից, խուսափում էին մեքենաները Հայաստանում մաքսազերծելուց եւ դրանք վարում վրացական պետհամարանիշներով:

Ավտոսեփականատերերը բողոքում են նաեւ մաքսազերծման ընթացքում մեքենաների արժեքի որոշման, եւ, հետեւաբար` գանձվող հարկերի դրույքաչափի սահմանման կամայական բնույթից, նշելով, որ Վրաստանում մեքենան մաքսազերծելը մի քանի անգամ ավելի էժան է նստում, քան Հայաստանում, եւ բացի այդ` այնտեղ մեքենաների սեփականատերերը չեն բախվում բյուրոկրատական այն քաշքշուկների հետ, որոնք կան Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG