Մատչելիության հղումներ

Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է


Խաչատուր Սուքիասյան
Խաչատուր Սուքիասյան
«Սիլ գրուպ» կոնցեռնի հիմնադիր, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Այդ մասին երեքշաբթի օրը տեղեկացնում են նրա փաստաբանները:

«Այսօր` 2011 թվականի փետրվարի 8-ին Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարից ստացել ենք մեր պաշտպանյալ` պարոն Խաչատուր Սուքիասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2010 թվականի հոկտեմբերի 19-ի որոշումը», - ասված է փաստաբաններ Արա Զաքարյանի եւ Արթուր Գրիգորյանի հաղորդագրությունում:

«Նշված որոշմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն` հանցագործության կատարմանը մեր պաշտպանյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով», - ընդգծում են փաստաբանները:

Խաչատուր Սուքիասյանը քրեական հետապնդման էր ենթարկվում 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ եւ հետախուզման մեջ էր մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի 2-ը, երբ կամավոր ներկայացավ իրավապահներին, եւ նրան մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 225 հոդվածի առաջին մասով` «զանգվածային անկարգություններ կազմակերպելը»:

Հաշվի առնելով Սուքիասյանի` Հատուկ քննչական ծառայություն ինքնակամ ներկայանալու հանգամանքը, նախաքննական մարմինը սեպտեմբերի 4-ին փոխեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը եւ որպես խափանման միջոց ընտրեց ստորագրությունը` չհեռանալու մասին: Օրեր անց Խաչատուր Սուքիասյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից, իսկ սեպտեմբերի վերջին մեկնեց Հայաստանից` առողջական խնդիրների պատճառով:

«Նկատի ունենալով, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցները բավարար չեն Խաչատուր Սուքիասյանի մասով քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար, սպառվել են այդ դրվագով նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները, ինչպես նաեւ, որ չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի, ուստի նման պայմաններում անհրաժեշտ է նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` Խաչատուր Սուքիասյանի մասնակցությունը հիշյալ հանցագործության կատարմանը ապացուցված չլինելու հիմքով», - ասված է Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանի 2010 թվականի հոկտեմբերի 19-ի որոշման մեջ, որի պատճենը Սուքիասյանի փաստաբանները կցել են իրենց հաղորդագրությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG