Մատչելիության հղումներ

Գորիկ Հակոբյանը քննադատում է հանրահավաքների անցկացումը կանոնակարգող օրենսդրական փաթեթի նախագիծը


Հինգշաբթի օրը Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը կառավարության նիստում խիստ քննադատության ենթարկեց երթերի, հանրահավաքներ ու ցույցերի անցկացումը եւ դրանց ժամանակ իրավապահ մարմինների գործունեությունը կանոնակարգող մի շարք օրենքներում առաջարկվող փոփոխությունների փաթեթը:

Եվրոպական կառույցների հավանությանն արժանացած օրենսդրական այդ փոփոխությունները կառավարության նիստում ներկայացնում էր Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Հակոբյանը տարակուսանք հայտնեց. ինչո՞ւ պետք է եվրոպացի փորձագետները հուշեն, թե արտակարգ իրավիճակներում ինչպես պիտի վարվեն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, արձագանքելով քննադատությանը, ասաց, թե միջազգային փորձագետներին վկայակոչելու հարկ չկա, ընդամենը հարկավոր է կարդալ ՀՀ Սահմանադրությունը:

«[Սահմանադրության] 29-րդ հոդվածը ինչպես ոստիկանության, զինծառայողների, դատախազության, այնպես էլ ազգային անվտանգության ծառայողների համար սահմանում է, որ այդ իրավունքը կարող է սահմանափակվել», - ասաց նախարարը:

Բանավեճին միջամտեց վարչապետը` ասելով. - «Կան հոդվածներ, որոնք անհրաժեշտ է խմբագրել, պարոն Հակոբյան: Եվ մենք անպայման, բոլոր շահագրգիռ մարմինների հետ միասին կլրամշակենք այս նախագիծը եւ այն կներկայացնենք Ագզային ժողովի քննարկմանը: Համոզված եմ, որ Ազգային ժողովում էլ լինելու են բազմաթիվ հարցադրումներ»:

Ըստ առաջարկվող փաթեթի, արտակարգ իրավիճակների պայմաններում իրավապահների իրավունքներն ու պարտականությունները նախատեսվում է կարգավորել «Հավաքների ազատության մասին» օրենքով, իսկ մյուս իրավական ակտերում առկա բոլոր սահմանափակումները պետք է հանվեն:

Արդարադատության նախարարության ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ այս պահին գործող օրենքները ընդհանրապես սահմանափակում են զինծառայողների, ոստիկանության աշխատակիցների, ազգային անվտանգության եւ դատախազության մարմիններում ծառայողների իրավունքը` մասնակցել հավաքների: Մինչդեռ առաջարկվող օրինագիծը նրանց այդ իրավունքը տալիս է` սահմանելով, սակայն, որ իրավապահ մարմինների աշխատակիցները, ինչպես նաեւ դատավորներն ու Սահմանադրական դատարանի անդամները, իրենց պաշտոնական պարտականությունները կատարելիս իրավունք չունեն մասնակցել հավաքների: Բացի այդ, սահմանվում է, որ հիշյալ անձինք հավաքների մասնակցելիս պետք է քաղաքական չեզոքություն եւ զսպվածություն ցուցաբերեն:

Ընդունման դեպքում` օրենքի գործողությունն այլեւս չի տարածվի բոլոր տեսակի միջոցառումների վրա եւ կսահմանափակվի միայն հավաքներով: Ընդ որում` հավաքների տակ հասկացվում են միայն քաղաքական հավաքները, իսկ բոլոր տեսակի մշակութային միջոցառումները, արարողությունները, տոնակատարությունները եւ սպորտային միջոցառումները այլեւս չեն հանդիսանա տվյալ օրենքի կարգավորման առարկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG