Մատչելիության հղումներ

Եգիպտոսում բախումներ են սկսվել ցուցարարների ու Մուբարաքի աջակիցների միջեւ


Կահիրեի Թահրիր հրապարակում բախումներ են սկսվել, մի կողմից, Մուբարաքի հրաժարականը պահանջող ցուցարարների, մյուս կողմից` նրա աջակիցների միջեւ։

Associated Press գործակալությունը հաղորդում է, որ նախագահ Հոսնի Մուբարաքի մի քանի հազար կողմնակիցներ չորեքշաբթի կեսօրին հարձակվել են ցուցարարների վրա։

«Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը ուղիղ հեռարձակում է Թահրիր հրապարակում ծավալվող իրադարձությունները։ Հարյուրավոր մարդկանց խմբերը միմյանց վրա քարեր են նետում, հարձակվում իրար վրա, երբեմն ձեռնամարտի մեջ մտնում։

Բանակը չի միջամտում։

DPA գործակալությունը հաղորդում է, որ ըստ ականատեսների՝ առնվազն 20 մարդ վիրավորվել է։

«Ռոյթերզ»-ը հաղորդում է, որ ընդդիմության առաջնորդներից Մոհամեդ էլ-Բարադեյը իշխանություններին մեղադրել է «ահաբեկելու մարտավարության» համար։

«Ես ծայրահեղ մտահոգված եմ, սա քրեական ռեժիմի քրեական գործողության եւս մեկ նշան է», - BBC-ին ասել է Մոհամեդ էլ-Բարադեյը։ Նա ասել է, թե «վախ ունի, որ սա կարող է վերածվել արյունահեղության»։

Մոհամեդ էլ-Բարադեյը Մուբարաքի կողմնակիցներին անվանել է «բանդիտական խումբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG