Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Բանակի օրը


Հայոց բանակի 19-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկել են դեռ նախօրեին, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Պատարագ մատուցվեց, նախագահ Սերժ Սարգսյանը պետական պարգեւներ հանձնեց մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների:

Տոնի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Հայկական կանոնավոր բանակի արժեքն ու նշանակությունը ակնհայտ է բոլորիս համար, հատկապես` մեր օրերում: Այսօր առիթ է հիշելու նրանց, ովքեր տեւական խզումից հետո վերստեղծեցին Հայաստանի զինված ուժերը: Պատերազմական ու ճգնաժամային բարդագույն իրավիճակում մեր ժողովուրդը կատարեց պատմական ու անշրջելի քայլ` հանուն այդ վեհ նպատակի լարելով իր ողջ ուժերը»:

«Հայկական բանակն անցավ ծանր կորուստների ու փառավոր հաղթանակների ուղի, որ, մեծ հաշվով, մեր երկրի ու ազգի նորագույն պատմության ուղին է», - ասված է ուղերձում, որի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում: - «Մեր ներկա ազատությունն ու մեծ հաշվով խաղաղությունը մեզ ոչ ոք նվեր չի տվել: Մենք դրանք նվաճել ենք արյան գնով, մենք դրանք նվաճել ենք դաժանագույն պատերազմում` ազգովի: Ոչ ոքի տրված չէ մեր փոխարեն որոշել մեր արյան գինը: Փորձություններից մենք դուրս ենք եկել պարզ ճակատով, եւ այդ ճակատը Հայոց բանակն է` բառի ե'ւ ուղղակի, ե'ւ փոխաբերական իմաստով»:

«Մեր բանակի ներկա հնարավորությունները համեմատելի չեն Արցախյան ազատամարտի ժամանակների հնարավորությունների հետ: Այսօր մենք ունենք որակապես բոլորովին այլ մակարդակ, եւ ամենակարեւորը` ռազմական աննահանջ ոգին ու կամքը: Այսօր անհնար է պատկերացնել մեր տարածաշրջանն առանց հայկական բանակի, որ գրավականն է մեր խաղաղության, անվտանգության ու հավերժության», - ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:

Բանակի օրվա առթիվ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունում, մասնավորապես, ասված է. - «Հայաստանի անկախացման, պետականության կառուցման ու կայացման ամենակարեւոր դրվագներից մեկն է հայկական բանակի` անկախ պետականության առանցքային հիմնասյունի ստեղծումը։ Հայաստանի սահմանների պաշտպանության ու Արցախի ազատագրման իր քննությունը բանակը, ըստ էության, հանձնեց իր կազմավորմանը զուգահեռ»։

«Աննախադեպ հաջողությունների հիմքում բանակի երեք բաղադրիչների` արդեն գործող երկրապահ ջոկատների, խորհրդային բանակից Հայաստան հրավիրված հարյուրավոր հայազգի կադրային սպաների եւ զորակոչի ենթակա քաղաքացիների համատեղումն ու փոխլրացումն էր, ինչը իրականություն դարձավ քաղաքական իշխանության հմուտ ղեկավարության ու ճշգրիտ քայլերի շնորհիվ», - ասված է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր շարժման հայտարարությունում, որը տարածել են Հայ ազգային կոնգրեսի գրասենյակից:

«Հայ ազգային կոնգրեսը Հայկական բանակի ծննդյան 19-րդ տարեդարձի առիթով շնորհավորում է բոլոր զինվորներին, երկրապահ կամավորներին, սպայական կազմին, գեներալներին ու ողջ հայ ժողովրդին։ Շնորհավորում ենք նաեւ բանակի կայացման ու հաղթանակների գործում ավանդ ունեցող մեր այն ընկերներին, ովքեր այսօր քաղբանտարկյալ են` իրենց սկզբունքներին անդավաճան մնալու բերմամբ։ Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց հիշատակի առջեւ, ովքեր զոհվել են իրենց զինվորական պարտքը կատարելիս», - ասված է հայտարարությունում:

Միաժամանակ, ընդդիմադիր շարժումը արձանագրում է անհանգստացնող դրսեւորումները բանակում, այդ թվում` ոչ կանոնակարգային հարաբերությունների հետեւանքով ողբերգական դեպքերը, «վարչախմբի կողմից բանակը ներքաղաքական խնդիրների լուծման համար օգտագործելը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG