Մատչելիության հղումներ

«Եվրոպայում փակ սահմանը ոչ նորմալ երեւույթ է»


Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը:
«Եվրոպայում եւ այն էլ 21-րդ դարում փակ սահմանը ոչ նորմալ երեւույթ է», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը` շարունակելով. - «Հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պետք է կարգավորվեն այն համաձայնությունների հիման վրա, որ ձեռք են բերվել կողմերի միջեւ ավելի քան մեկ տարի առաջ, եւ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների»:

«Մենք մեր գործընկերի հետ չենք դադարեցնում ջանքեր գործադրել, որպեսզի հնարավոր լինի երկու պետությունների միջեւ դադարեցնել նման հարաբերությունները: Թուրքիան գտնվում է Եվրամիությանն անդամակցելու գործընթացում եւ քննարկումների մեջ է Եվրոպական միության հետ, ինչը նաեւ ենթադրում է, որ Թուրքիան պետք է կարգավորի հարաբերությունները հարեւանների, այդ թվում` Հայաստանի հետ», - հավելեց դեսպանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին` նա նշեց, թե «առնվազն կառավարական մակարդակում տեսանելի է առկախումը»:

2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը, հիշեցնենք, 2010-ի ապրիլին կասեցվել է Հայաստանի նախագահի կողմից:

Լոնսդեյլը շեշտեց, որ բացի կառավարական, պետական հարաբերություններից ու փոխգործակցությունից, «ուղղակի ակնառու է այն փոփոխությունը, որ տեղի է ունեցել վերջին մեկ-երկու տարիներին այլ մակարդակների հարաբերություներում» - «Այսինքն` աշխուժացել են շփումները մշակութային, տնտեսական ու այլ ոլորտներում: Մենք, իհարկե, կցանկանայինք, որ գործընթացն ավելի արագ գնար, սակայն կարծում ենք` դեռ պետք է որոշակի փոփոխություններ մտցնել հասարակ մարդկանց փոխհարաբերություններում, որը, հավանաբար, կօգնի մեզ առաջ գնալ հարաբերությունների կարգավորման գործում»:

«Մենք կարծում ենք, որ շատ կարեւոր է չմոռանալ այն ահավոր իրադարձությունները` զանգվածային կոտորածները, բռնի տեղահանումները, որ տեղի ունեցան 1915-16 թվականներին: Բայց մենք նաեւ կարեւոր ենք համարում նայել դեպի ապագա, ինչը բնավ չի նշանակում, թե մենք պետք է մոռանանք մեր անցյալը: Միեւնույն ժամանակ, մենք ցանկանում ենք անել ամեն ինչ, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել եւ ստեղծել հարաբերությունների այնպիսի հենք, որը կհանգեցնի ավելի դրական համագործակցության: Մենք չենք կարծում, որ եթե հենց այս պային Մեծ Բրիտանիան հարի այս կամ այն կողմին, դա կարող է դրական արդյունքի բերել այդ գործընթացում, բայց, անկասկած, շարունակելու ենք խրախուսել, որպեսզի կողմերը չդադարեցնեն իրենց հարաբերությունների նորմալացման գործընթացը», - նշեց դեսպանը:

Անդրադառնալով հակամարտությունների կարգավորմանը` Լոնսդեյլը շեշտեց, թե յուրաքանչյուր հակամարտության կարգավորմանը պետք է յուրահատուկ մոտեցում ցուցաբերվի:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա մենք կարծում ենք, որ որեւէ կայուն կարգավորում պետք է հիմնվի միջազգային իրավունքի բոլոր նորմերի վրա` ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն եւ ուժի չկիրառում», - ասաց դիվանագետը` հավելելով, որ թե' իր երկիրը, թե' ՆԱՏՕ-ն սատարում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործընթացը:

please wait

No media source currently available

0:00 0:04:11 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG