Մատչելիության հղումներ

Իրաքահայոց թեմի առաջնորդը Կոպենհագենում մասնակցել է Իրաքի կրոնական առաջնորդների վեհաժողովին


Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը անցած շաբաթ Կոպենհագենում մասնակցել է Իրաքի կրոնական առաջնորդների արտահերթ վեհաժողովին:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ` հունվարի 11-14-ը անցկացված վեհաժողովին մասնակցել են Իրաքի սուննի եւ շիա ուղղությունների առաջնորդները, քրիստոնեական համայնքների առաջնորդներն ու պառլամենտի անդամներ:

Վեհաժողովի ընդունած հռչակագրում, մասնավորապես, ասված է, որ Իրաքի քաղաքական վերածննդի համար կենսական նշանակություն ունեն երկրի բնակիչների անվտանգության ապահովումը եւ վստահության վերականգնումը սեփական երկրի նկատմամբ, որի գրավականներից մեկն էլ քրիստոնյաների նկատմամբ կիրառվող բռնության եւ հալածանքների իսպառ կանխարգելումն է: Ըստ հռչակագրի` հանրային իրավունքի եւ իրավահավասարության սկզբունքների գործնականացումը պետք է դրվի Իրաքի Սահմանադրության հիմքում, իսկ ծառայությունը պետական մարմիններում պետք է իրականացվի առանց կրոնական խտրականությունների:

Վերջին շրջանում Իրաքում հաճախ են տեղի ունենում հարձակումներ քրիստոնյաների դեմ: Մասնավորապես, անցած տարվա հոկտեմբերի 31-ին Բաղդադի Սայիդաթ ալ-Նայյաթ ասորական կաթոլիկ եկեղեցում պատանդառված հարյուրավոր հավատացյալներին ազատելու գործողության ժամանակ 53 մարդ զոհվեց:

Մինչ 2003 թվականի Իրաքյան պատերազմը երկրում ապրող շուրջ 800 հազար քրիստոնյաներից Իրաքում այժմ մնացել են շուրջ 500 հազարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG