Մատչելիության հղումներ

Հեղաշրջում Թունիսում


Թունիսում ժամանակավոր նախագահ դարձավ խորհրդարանի խոսնակ Ֆունեդ Մբազան։ Շաբաթ օրը այս որոշումը ընդունեց երկրի Սահմանադրական դատարանը, նշելով, որ ըստ Սահմանադրության` երկրի կառավարումն անցնելու է խորհրդարանի նախագահին, այլ ոչ թե վարչապետին։

60 օրից Թունիսում նախագահական ընտրություններ են անցկացվելու։

Ուրբաթ գիշերը Թունիսի արդեն նախկին նախագահ Զին Աբիդին բեն Ալին իր ընտանիքով փախել էր երկրից։ Նա ապաստանել է Սաուդյան Արաբիայում։

74-ամյա բեն Ալին 23 տարի կառավարում էր Թունիսը։ Նա ստիպված հրաժարվեց իշխանությունից զանգվածային բողոքի ալիքի պատճառով։

Չնայած արտակարգ իրավիճակին` անցած գիշեր երկրի մայրաքաղաք Թունիսում անկարգությունները շարունակվել են, ականատեսների պատմելով` ուղղաթիռների ու կրակոցների ձայներ են լսվել։

Associated Press լրատվական գործակալությունը հաղորդում է, որ հրկիզվել է մայրաքաղաքի երկաթուղային կայարանը։ Թալանվել են խանութներ, ռեստորաններ։ Ըստ հաղորդագրությունների` հարձակման հիմնական թիրախները իշխանության ընտանիքին պատկանող օբյեկտներն են եղել։

Անցած դեկտեմբերից սկսված ու կտրուկ սաստկացած անկարգությունների, ոստիկանության հետ բախումների արդյունքում շուրջ 70 մարդ է զոհվել։

Արեւմտյան որոշ վերլուծաբաններ կարծիք են հայտնել, որ Թունիսի իրադարձություններին նպաստեցին նաեւ WikiLeaks-ի հրապարակումները։ Այս մասին գրում է նաեւ բրիտանական Guardian-ը. - «Ռեժիմի կոռուպցիան բացահայտած հրապարակումները նպաստեցին բողոքի շարժման առաջացմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG