Մատչելիության հղումներ

Heritage եւ WSJ. «Տնտեսական ազատությունների մակարդակով Հայաստանը բարելավել է դիրքերը»


Տնտեսական ազատությունների մակարդակով Հայաստանը 2010-ին մի փոքր բարելավել է դիրքերը նախորդ տարվա համեմատ եւ այժմ արդեն զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը` աշխարհի շուրջ 180 երկրների շարքում, փաստում է ամերիկյան Heritage հիմնադրամի եւ հեղինակավոր The Wall Street Journal պարբերականի անցկացրած վերջին ամենամյա հետազոտությունը։

«Չնայած վերջին տարիների տնտեսական անկմանը` ցածր հարկերով ամրապնդված մակրոտնտեսական քաղաքականությունն ու կայուն պետական ծախսերը հանգեցրել են հստակ տնտեսական աճի։ Այդուամենայնիվ, կոռուպցիան շարունակում է մնալ համատարած տնտեսության շատ ճյուղերում, մինչդեռ հարկերից խուսափելու միտումը աճող մտահոգության առիթ է տալիս», - արձանագրում են արեւմտյան փորձագետները։

Դիտարկելով տնտեսական ոլորտը տասը ցուցիչներով` ներդրումների ազատությունից մինչեւ նոր գործ սկսելու հնարավորություն, փորձագետները ամենացածր գնահատականը տվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին, երեւույթ, որը, ըստ զեկույցի, ոչ միայն համատարած բնույթ է կրում, այլեւ շարունակում է զարգանալ: «Պաշտոնյաների կողմից կաշառք պահանջելը սովորական բնույթ է կրում, կառավարության հետ սերտ կապեր ունեցող գործարարները մոնոպոլ դիրք են զբաղեցնում բազմաթիվ կենսական նշանակություն ունեցող ապրանքների ներկրման ոլորտում», - արձանագրում են զեկույցի հեղինակները։

Մտահոգության առիթ տվող հաջորդ ոլորտը սեփականության իրավունքի պաշտպանությունն է, որտեղ Հայաստանը երկրորդ ամենացածր գնահատականն է ստացել դիտարկված 180 երկրների մեջ։ «Արդարադատության համակարգը դեռեւս հաղթահարում է թերզարգացածության փուլն ու կոռուպցիան, որոնք զգալիորեն դանդաղեցնում են ստանձնած պարտավորությունների կատարումը», - փաստում է զեկույցը։

Որպես հետընթաց` մասնագետները առանձնացրել են նաեւ կառավարության կողմից կատարվող ծախսերը, ընդգծելով, որ պետական պարտքի մակարդակը էականորեն աճել է եւ այժմ արդեն մոտենում է ՀՆԱ-ի 50 տոկոսի մակարդակին։

Հետընթաց է արձանագրվել նաեւ գործարար միջավայրի ազատության ոլորտում: «Թեեւ արտոնագրերի տրամադրման կարգը պարզեցվել է, սնանկ ճանաչման գործընթացը` արդիականացվել, այդուամենայնիվ, բիզնեսի կարգավորման համար անհրաժեշտ վարչարարությունը, որը հաճախ ուղեկցվում է կոռուպցիայով, մնում է գործարարության զարգացմանը խոչընդոտող հիմնական արգելքը Հայաստանում», - արձանագրում է զեկույցը։

Քննադատության է արժանացել նաեւ ազատության մակարդակը առեւտրաշրջանառության ոլորտում:

«Թեեւ մաքսային ընթացակարգերը բարելավվել են, այդուամենայնիվ, գործող հարկերն ու տուրքերը, ոչ համարժեք ենթակառուցվածքները, մտահոգությունները՝ կապված մաքսային կառույցի կողմից ապրանքների գնահատման հետ, անարդյունավետ վարչարարությունն ու կոռուպցիան ավելացնում են ինքնարժեքը»,– փաստում է զեկույցը։

Ներդրումային դաշտում, մասնագետները դրական են գնահատում փաստը, որ պաշտոնապես տեղացի եւ օտարերկրյա գործարարների նկատմամբ նույն քաղաքականությունն է իրականացվում եւ նրանք ունեն համահավասար իրավունքներ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում։

«Այդուամենայնիվ, սեփականաշնորհման գործընթացը, չնայած ընդհանուր առմամբ հաջող էր եւ բաց բոլոր ցանկացողների համար, բայց թափանցիկ չէր, եւ այժմ որոշ ոլորտներում գերիշխում են տեղական ընկերությունները», – արձանագրում է հետազոտությունը։

Նախորդ տարվա համեմատ որեւէ տեղաշարժ չի արձանագրվել ֆինանսական ազատության ոլորտում:

«Ենթակառուցվածքները զարգացել են շուկան առավել թափանցիկ դարձնելու միջոցով, սակայն բանկային համակարգը շարունակում է տուժել երկարաժամկետ միջոցների բացակայությունից եւ շուկայի մասնատվածությունից», – փաստում են արեւմտյան փորձագետները։

Հետազոտության համաձայն, տարածաշրջանում տնտեսական ազատությունների մակարդակով առաջատարը Վրաստանն է, որն արդեն երկրորդ տարին անընդմեջ ընդգրկվում է հիմնականում ազատ երկրների շարքում, Հայաստանը համարվում է «չափավոր ազատ», Ադրբեջանը` «հիմնականում անազատ»։

Մեկ տարի առաջ Heritage հիմնադրամի եւ The Wall Street Journal-ի հրապարակած զեկույցում Հայաստանը տնտեսական ազատությունների մակարդակով 38-րդն էր, իսկ 2009-ին հրապարակված զեկույցում` 31-րդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG